Երկուշաբթի առավոտյան Ալմաթիում երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:38-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 8 կմ հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ալմաթիում գնահատվել է 3–4 բալ, Կարասայ քաղաքում՝ 2–3 բալ, Բորալդայ գյուղում՝ 2–3 բալ, իսկ Օթեգեն-Բատիր գյուղում՝ 2 բալ։
Նախարարությունը շեշտել է, որ համապատասխան պետական մարմինները տեղեկացվել են, և իրավիճակը վերահսկողության տակ է։ Պաշտոնյաները հորդորել են բնակչությանը պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։
Ստուգումների արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել, և օբյեկտները ներկայումս բնականոն ռեժիմով են աշխատում։
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ղազախական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալմաթիի բնակիչները երկուշաբթի առավոտյան ցնցումներ են զգացել, և շատերը տարհանվել են շենքերից։