ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները, հայտնում է Արմենպրեսը:
Արդեն երկու օր շրջանառության մեջ գտնվող տեղեկությունը, թե իբր «Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ» «հերթական հերյուրանք» էր որակել ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերքել էր նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի` դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է գրասենյակի պատասխանի մեջ: