«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով

Քաղաքականություն

29.09.2026 | 12:50

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան զբաղվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմամբ, իսկ Հայաստանի ղեկավարությունը հետագայում կորոշի, թե որ ճանապարհով է գնալու։ Այս մասին  հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպել է Լիխաչովի հետ՝ Ատոմային արդյունաբերության ոլորտի աշխատակցի օրվա կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում «Ռոսատոմ»-ի ղեկավարն անդրադարձել է միջազգային համագործակցության հարցին՝ նշելով, որ պետական կորպորացիան չի հեռացել միջազգային որևէ հարթակից և ավելացրել է բարեկամ երկրների մասնաբաժինը։

«Չի կարելի հանել Հայաստանը, քանի որ մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքի ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը կորոշի, թե որ ճանապարհով է գնալու, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի շրջանակում, որը վերաբերում է սինթետիկ կաուչուկի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանի գործունեության հետևանքների վերացմանը։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի շուրջ, հույս ունեմ, որ այստեղ ևս կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչովը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment