Առանց նման հետվթարային վերլուծության յուրաքանչյուր հաջորդ վթար ընկալվելու է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ որպես համակարգային անպատրաստության շարունակություն. «Փաստ»

Սեպտեմբերի 23-ի երեկոյան խոշոր վթար գրանցվեց «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հայտարարվեցին լայնածավալ ջրանջատումներ Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում։

Սակայն այս պատմության ամենազգայուն և մտահոգիչ մասը միայն ջրանջատումը չէր։ Ջուր չունենալը, հատկապես մեծ քաղաքում, ինքնին լուրջ խնդիր է, բայց այս դեպքում հանրային անհանգստությունն ավելի խորացավ այն պատճառով, որ ջրամատակարարման վերականգնման կամ հոսքերի վերաուղղորդման ընթացքում տարբեր բնակավայրերից սկսեցին հնչել բողոքներ ջրի պղտորության, անսովոր հոտի և համի վերաբերյալ։ Այս իրավիճակը հատկապես կարևոր է գնահատել ոչ թե միայն որպես կոնկրետ վթարի հետևանք, այլ որպես համակարգային ազդանշան։ Այս համատեքստում խնդիրը դառնում է ոչ միայն տեխնիկական, այլ նաև կառավարչական և հաղորդակցական։ Ուստի քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչ է տեղի ունեցել, որքան է տևելու խնդիրը, որ հատվածներում ջուրը կարելի է օգտագործել, որ հատվածներում՝ ոչ, երբ է անհրաժեշտ ջուրը եռացնել, երբ է պետք բացառապես շշալցված ջուր օգտագործել, և ում պետք է դիմել, եթե նկատվում է պղտորություն կամ հոտ։

Սա նաև բարձրացնում է վստահության հարցը։ Երբ քաղաքացին բացում է ծորակը և տեսնում պղտոր կամ հոտով ջուր, նրա համար պաշտոնական ցանկացած հավաստիացում պետք է ուղեկցվի պարզ, չափելի և ստուգելի տեղեկատվությամբ։ Պետք է հրապարակվեն ոչ միայն ընդհանուր հայտարարություններ, այլև հստակ տվյալներ՝ որ գոտիներում է իրականացվել լվացում, որ հատվածներում են վերցվել նմուշներ, ինչ ցուցանիշներ են ստացվել, ինչ է ցույց տվել մանրէաբանական և ֆիզիկաքիմիական հետազոտությունը, երբ է սպասվում լիարժեք կայունացում, և մինչև որ պահը քաղաքացին պետք է շարունակի ջուրը եռացնել կամ շշալցված ջուր օգտագործել։ Հակառակ դեպքում տեղեկատվական վակուումը լցվում է ասեկոսեներով, սոցիալական ցանցերի անհանգստացնող գրառումներով, միմյանց հակասող մեկնաբանություններով և հասարակական անվստահությամբ։ Ջրի նման զգայուն թեմայի դեպքում վստահությունը նույնքան կարևոր է, որքան տեխնիկական վերանորոգումը։ Եթե համակարգը վերականգնվել է, բայց քաղաքացին շարունակում է չհավատալ ջրի անվտանգությանը, ապա ճգնաժամը ամբողջությամբ հաղթահարված չէ։

Պետական կառավարման տեսանկյունից կարևոր է, որ նման իրավիճակներում կառավարությունը, առողջապահական մարմինները, տարածքային կառավարման կառույցները, համայնքապետարանները և ջրամատակարար ընկերությունը գործեն միասնական ռեժիմով։ Փորձը ցույց է տվել, որ չի կարելի հույս դնել «Վեոլիա ջուր» ընկերության վրա: Ջուրը մասնավոր օպերատորի կողմից մատուցվող ծառայություն կարող է լինել, բայց խմելու ջրի անվտանգությունը հանրային բարիք է, և դրա նկատմամբ վերահսկողությունը չի կարող դիտվել միայն պայմանագրային կամ տեխնիկական հարաբերության շրջանակում։

Կառավարության մակարդակով հարցը պետք է լինի անմիջական ուշադրության կենտրոնում, որովհետև խոսքը ոչ միայն բնակչության հարմարավետության, այլև առողջության, սանիտարական անվտանգության, տնտեսական բնականոն կյանքի և պետական կառավարման արդյունավետության մասին է։ Անհրաժեշտ է ոչ միայն վերացնել վթարը, այլև հետագայում հրապարակել վերլուծություն՝ ինչու տեղի ունեցավ վթարը, արդյոք պատճառը ջրատարի մաշվածությունն էր, ճնշման ռեժիմի խախտումը, հողի շարժը, սպասարկման թերացումը, թե մի քանի գործոնների համադրություն։ Առանց նման հետվթարային վերլուծության յուրաքանչյուր հաջորդ վթար ընկալվելու է ոչ թե որպես բացառիկ դեպք, այլ որպես համակարգային անպատրաստության շարունակություն։

Երկարաժամկետ առումով Հայաստանի ջրամատակարարման համակարգը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության ենթակառուցվածք։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment