«Այս գործը ծայրից ծայր անհիմն է, և դատարանից ակնկալում ենք արդարացման վերդիկտ»,- այսօր Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ ասաց Ներսիսյանների պաշտպան Արա Զոհրաբյանը։
Արդարացման վերդիկտ կայացնելու միջնորդությունը ներկայացնելիս՝ Զոհրաբյանն ասաց, որ Ներսիսյանների կողմից քարոզարշավի խոչընդոտում չի եղել. «Մարդը իր տան դիմաց կանգնած է, մոտենում է քաղաքացին, տեսանյութից էլ է երևում՝ բուկլետ կամ որևէ բան նրան չի տալիս, դրանից հետո հարված, քաշքշքոց չի լինում, գնում է տուն ու հետո պարզվում է, որ խոչընդոտել են մի ամբողջ քարոզարշավ, մի մեծ պատմություն։ Իրենց կալանավորում են ու երկար ժամանակ անցկացնում են կալանավայրում։ Եթե լինեին փաստական տվյալներ, որ այս մարդիկ գնացել, մտել են նախընտրական շտաբ, ինչ-որ գործողություն են արել, կասեի՝ խոչընդոտման նման արարքներ են։ Բայց ի սկզբանե մարդն իր տան առջև կանգնած՝ հայտնվել է մեղադրյալի աթոռին»։
Դատարանը վերդիկտ կայացնելու համար նիստը հետաձգեց՝ հայտնելով, որ պետք է ուսումնասիրի պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթում բարձրացված հարցերն ու դրանց հետ առնչվող համապատասխան ապացույցները։
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին։
Ի դեպ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև։ Դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդություն՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով, դեռևս պաշտոնապես հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել): Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: