Արցախի պետնախարար․ Երևանի քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը

«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը՝ հիմնավորելով, թե այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում, բայց առաջիկայում որոշակի քայլեր ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ տնտեսական վբիճակն ավելի ծանր է դառնում»,- Եռաբլուրում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նրա խոսքով շուրջօրյա կամ երկարատև ակցիա անցկացնելու հնարավորության հարցը քննարկվել է տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, և արցախահայերի ընդհանուր տրամադրությունները իրեն հայտնի են։

«Միանշանակ, մենք պետք է դուրս գանք փողոց և պետք է մնանք այնտեղ այնքան ժամանակ, մինչև ստանանք մեր խնդիրների լուծումը»,- հայտարարեց պետնախարարը։

Նա հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, երբ կառավարության ներկայացուցիչները լքել են դահլիճը և չեն պատասխանել արցախցիներ հարցերին, ինչը իրականության ցուցիչ է։

Իսկանդարյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրեն հաջողվել է անձնական նախաձեռնությունների շրջանակում սոցիալական օգնություն ցուցաբերել Արցախից որոշ ընտանիքների, սակայն այդ օգնության ծավալները չափազանց փոքր են արցախահայերի կարիքների համեմատ։

Պետնախարարը տեղեկացնելով, որ Արցախի ղեկավարությունը քաղաքական խորհրդակցություններ է սկսել հայկական քաղաքական ուժերի հետ, հավելեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցած 19 կուսակցություններից հանդիպումներ տեղի են ունեցել միայն երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և «Հայաքվե» շարժման հետ։

«Վստահ եմ, որ դուք գիտեք՝ մոտ ժամանակում մենք կհանդիպենք «Ուժեղ Հայաստան» շարժման հետ։ Տասն օրվա ընթացքում կամփոփենք այդ հանդիպումների արդյունքները»,-հայտնեց Իսկանդարյանը։

Դրանից հետո, ըստ նրա, ինքը որոշում կընդունի՝ շարունակել արդյոք աշխատանքը Արցախի պետնախարարի պաշտոնում, բայց այն չի նշանակի արցախահայերի պաշտպանության համար իր գործունեության դադարեցում։

Panorama.am

Leave a comment