«Հայ ժողովրդի ընտրությունը պետք է հարգվի։ Հայաստանի մոտենալը Եվրոպային չպետք է լինի արտաքին պարտադրանք, այլ բխի ՀՀ քաղաքացիների ցանկությունից և երկրի հանձնառությունից»․ ԵԺԿ ներկայացուցիչ

«Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը չափազանց լարված էր և նշանավորվեց աննախադեպ ռուսական արտաքին միջամտությամբ՝ առևտրային սահմանափակումներ, էներգամատակարարման սպառնալիքներ, դիվանագիտական ճնշում, ազդեցության արշավներ և անվտանգության ուղղակի, բարձրագույն մակարդակով հնչեցված սպառնալիքներ»,-ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հունիսի 7-ի ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն։

Damien COTTIER (Suisse, ALDE)

Նշենք, որ մայիսին ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը՝ Դամիեն Կոտյեի գլխավորությամբ, այցելել էր Հայաստան։

Նկատելով, որ ընտրության օրը լավ կազմակերպված էր՝ դիտորդական առաքելության ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծեց՝ քարոզարշավը կոշտ և խիստ բևեռացված էր․ «Կուսակցությունների քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս անբավարար է վերահսկվում»։

Ինչպես զեկույցում է ամրագրված ԲՀԿ-ի մասին, Դամիեն Կոտյեն ասաց․ «ԿԸՀ-ի կողմից մի քանի ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, որոնք վճռորոշ էին ընդդիմադիր կուսակցություններից մեկի խորհրդարանական ներկայացվածության համար, մեզ մտահոգում է։ Որոշումը էական էր այն հարցի համար, թե արդյոք այդ կուսակցությունը կհաղթահարի ընտրական 4 տոկոսի շեմը։ Տվյալ ընտրատարածքներում նոր քվեարկությունների անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ։ Այն մերժվեց ԿԸՀ կողմից՝ առանց իրական բացատրության»։

ԵԺԿ քաղաքական խմբի ներկայացուցիչ Ռիկարդո Կարվալոն, որը ևս դիտորդական առաքելության կազմում էր, նշեց․ «Ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու այն աշխարհաքաղաքական փոփոխությունը, որին ենթարկվում է Հայաստանը։ Այս ընտրությունները տեղի ունեցան լուրջ մարտահրավերներով լի համատեքստում՝ մասնավորապես արտաքին միջամտությունը։ Այս ամենին հակառակ հայ հասարակությունն ունեցավ քաղաքական այլընտրանք։ Մի բան է ուշադրության արժանի, ինչպես զեկույցում ամրագրված է՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի՝ եվրոպական ուղու ընտրությունը և ժողովրդավարական դիմակայունությունը արտաքին ճնշման համատեքստում։ Այս ընտրությունը պետք է հարգվի։ Հայաստանի մոտենալը Եվրոպային չպետք է լինի՝ որպես արտաքին պարտադրանք, այլ բխի ՀՀ քաղաքացիների ցանկությունից և երկրի հանձնառությունից։ Մենք չէ, որ պետք է որոշենք հայերի ապագան, մեր դերն է ապահովել, որպեսզի հայերն իրենք ընտրեն իրենց ապագան։ Ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան Հայաստան, ավելի մոտ Եվրոպային, ինչը կօգնի ունենալ ավելի կայուն տարածաշրջան։

ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment