Մարտին Էռնեկյանը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը շահագրգիռ է փոխշահավետ գործընկերության զարգացմամբ և ընդլայնմամբ։

Մարտին Էռնեկյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև այլ ներդրումային նախագծերի։ Այս համատեքստում, քննարկվել են նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ ուղևորահոսքերի, օդանավակայանների թողունակության ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը և այլն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հետագա քայլերի շուրջ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment