Բադալյան․ Հանրային հեռուստաընկերության ներողությունը ոչ թե «փակում» է թեման, այլ ըստ էության բացում դրա շերտերը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում, որ սեպտեմբերի 27–ին՝ 44–օրյա պատերազմի տարելիցին, ցուցադրել են երգ ու պար՝ Ֆեստիվառ, որտեղ երգում է Թաթան։

Ընդ որում, այնպես էլ նշվում է, թե՝ չեն ուզում ինչ որ արդարացում գտնել, այլ պարզապես ներողություն են խնդրում, որ կարծես հանրությանը «պարտք» են տալիս այդ ներողությունը։ Այսինքն, կարող էին արդարացումներ գտնել, ինչ որ բացատրություն գտնել, բայց դե չեն անում, «մեծահոգաբար» ընդունում են սխալն ու ներողություն խնդրում։

Որովհետև, եթե այդ տեքստի հեղինակները չունենային վերը նշածս տողատակային «միտքը», ապա չկար ոչ մի անհրաժեշտություն գրելու, թե՝ չենք ուզում արդարանալ, և այլն։

Իսկ հետաքրքիրը մեկ այլ հարց է։ Ո՞վ է Հանրայինի ծրագրերի պատասխանատուն։ Նա օրացույց չունի՞, թե՞ չունի հիշողություն, որ հիշի սեպտեմբերի 27–ի մասին և ծրագրում չներառի զվարճանք։ Թեև, այստեղ հարցը առհասարակ ուրիշ դաշտում է։ Սեպտեմբերի 27–ին պատերազմի տարելիցի առիթով ոչ միայն պետք չէ զերծ պահել Հանրայինի ծրագիրը համերգից, այլ առհասարակ՝ կազմել այդ ողբերգկան տարելիցին համարժեք ծրագիր առհասարակ։ Հետևաբար, այստեղ ընդհանրապես Հանրայինի ղեկավարության վարքագծի հարց է, ոչ միայն բուն օրվա ծրագիր կազմողի։

Ըստ այդմ, Հանրային հեռուստաընկերության ներողությունը ոչ թե «փակում» է թեման, այլ ըստ էության բացում դրա շերտերը»։

Panorama.am

Leave a comment