«Երկրորդ գիծ» կանգնելու համար առաջարկվում է 10 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր

Բաժանորդագրվել

Նախագծով առանձին պատասխանատվություն կսահմանվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել տուգանքները ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 կամ 2 տուգանային միավոր։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։

Նախագծով առանձին պատասխանատվություն կսահմանվի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Նախագծի ընդունման դեպքում վարորդը կտուգանվի 10 հազար դրամով, ինչպես նաև կկիրառվի 1 տուգանային միավոր։

Մեկ այլ փոփոխություն էլ նախատեսում է սահմանել երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում։ Այս խախտման համար ևս առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։ Թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը ևս հնարավոր կլինի ստուգել նախատեսված ընթացակարգով։

Եթե նախագիծն ընդունվի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Leave a comment