«Այդ իշխանությունները և՛ հակաարցախյան հարցում, և՛ ընդհանրապես հակահայկականության հարցում անշրջելի են․ փաստ է։ Նաև իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումների մեջ։ Մոնոլիտ փոփոխությունների մասին ասացի, բայց մյուս կողմում նույն պատկերը մենք չունենք այս պարագայում արցախցիների դեպքում»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ այս դժվար, ծանր իրավիճակում հնարավոր մեծ մասշտաբներով նման կոնսոլիդացիա արցախցիներից ակնկալել իրատեսական չէ, բայց առնվազն այս խնդիրներում, իր համոզմամբ, գոնե պիտի լինի շատ որոշակի հավաքականություն, անհատների համախմբում, իրապես վճռական մարդկանց գործոն, որը կստիպի նաև մյուսներին սթափվել։
«Մենք ունենք Արցախի պետականության կայացման շնորհիվ տասնյակ ու տասնյակ Արցախով կայացած նախկին պաշտոնյաներ, որոնց մեծ մասն այսօր Հայաստանում է, և որոնց ձայն-ծպտունը չկա, և բնական է, որ սա էլ խնդիր է։ Ինչքան էլ մենք բան անենք, բայց այս հարցերն էլ պիտի դնել․ այս հարցերը պիտի դնել նաև հրապարակային, հանրային։ Պիտի իմանանք՝ ով ով է, ով կա այս կռվի մեջ, ով չկա։ Եթե սա մենք չենք անում, ամեն մեկը կողք քաշվելու, ինքն իրեն արդարացնելու ձևերը շատ ավելի հեշտ է գտնում»։
Իհարկե, արցախցիների հարցը բանախոսը առանձին հարց չի համարում հայաստանցիների խնդիրներից և շատ կարևոր է համարում նաև քաղաքական ուժերի, հանրային սեկտորի, հասարակական կազմակերպությունների, հանրային դեմքերի հետ փոխգործակցությունը, նրանց հետ խորհրդակցությունները․ «Եվ այստեղ էլ կարևոր է նաև ի վերջո հասկանալ, թե ով ով է նրանցից․ ովքեր են իրապես կանգնած արցախցիների, Արցախի վերադարձի իրավունքի կողքին և պատրաստ են դրա համար ինչ-որ բան անել, ովքեր են, որ միայն օգտագործում են այս պրոբլեմն իրենց, չգիտեմ, քաղաքական հավակնությունների համար։ Այնպես որ, այստեղ էլ աշխատելու շատ դաշտ կա, և բնականաբար, իրական ազգային-պետական շահերով առաջնորդվող մի քանի քաղաքական ուժերի դերակատարությունը․․․ սա շատ կարևոր է»։
Ընդհանուր առմամբ համամիտ լինելով Մետաքսե Հակոբյանի թվարկած աշխատանքային հինգ ուղղությունների հետ՝ Աղվան Վարդանյանն առանձնացնում է մեկը․ «Առաջնայինը, գլխավորը այսօր, ես կարծում եմ, Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է։ Եթե մենք այդ հարցը չենք լուծում, չենք ունենում քաղաքական ներկայություն, պետական ինստիտուտները ինչ-որ ֆորմատով չենք պահպանում, մյուս հարցերի հետապնդումը դառնում է զրույց։ Այնպես որ, կարծում եմ՝ ցանկացած խնդիր պետք է ճիշտ ձևակերպել, որպեսզի լուծում ունենաս․ եթե սխալ ձևակերպեցիր, լուծումը չես գտնի։ Իմ անձնական կարծիքով՝ այսօրվա գլխավոր, բուն, առաջին խնդիրը այդ քաղաքական ներկայության ապահովումն է՝ դրա համար մարդուժի, ռեսուրսների գտնելու առումով»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Արցախի ժողովրդի և արցախահայերի հարցերի պրոբլեմները ես ավելի շատ կապում եմ Իլհամ Ալիևի հետ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև ինձ համար, թերևս քաղաքական դաշտում կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործոն, այլևս չկա Արցախի մասով, որովհետև մենք տեսել ենք այդ տրանսֆորմացիան 2018 թվականից մինչև 2020 թվականը, 2020-ից հետո՝ 2023 և 2026 թվականները։ Այսինքն՝ 2020-ից հետո ավելի է խորացել այդ ատելությունը և ընդգծված ատելությունը Արցախի նկատմամբ»,- ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ հավելելով, որ քննարկման արդյունքում պետք է հասկանալի լինի նաև, թե ինչպես պետք է հաղթահարվի այն ընդգծված, ուղղորդված ատելությունը, որը կա Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: