«Երբ որ մենք խոսում ենք արցախցիների իրավունքների վերականգնման մասին, դրա առանցքը արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի իրացումն է, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքի իրացման վրա։ Դա այն ճանապարհն է եղել, որով Արցախը երեք տասնամյակից ավելի պայքարել է, որի, այսպես ասած, իրացման իրավունքը վիճարկելի չի եղել (վիճարկելի է եղել Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց դաշնակիցների համար), որը եղել է առնվազն բանակցությունների հիմքում, որը սահմանված էր նաև ՄԱԿ-ի նպատակներում և սկզբունքներում։ Եվ այս տեսանկյունից Արցախի ինքնորոշման իրավունքի պրոցեսը՝ սկսած 88-ի շարժումից և դրան հաջորդած ժամանակահատվածից, նույնիսկ այն փուլում, երբ դա եղել է սովետական ժամանակահատվածում, դա բխել է այդ ժամանակվա սովետական օրենսդրությունից և նաև ՄԱԿ-ի սկզբունքներից ու նպատակներից»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Թե ի՞նչ ճանապարհով դա պետք է տեղի ունենա, Տիգրան Աբրահամյանը մանրամասնում է․ «Առաջին հերթին դա պետք է տեղի ունենա Արցախի պետական ինստիտուտների վրա, որոնք թեև այսօր խափանումներով են աշխատում, այդ արհավիրքի հետևանքն է նաև այս ամենը, սակայն Արցախն ունի ընտրված խորհրդարան, Արցախն ունի, թեև խնդիրներով, բայց աշխատող գործադիր իշխանություն։ Եվ կարծում եմ, որ այսօր մեր հիմնական քննարկման առանցքային մասը պետք է տեղի ունենա դրա շուրջ, թե ինչպես պետք է Արցախի պետական ինստիտուտները դառնան էֆեկտիվ, և ինչպես պետք է այդ աշխատանքն ընթանա այն բոլոր ուղղություններով, որոնք նաև հիմնական զեկուցողի տեքստում ներկայացված էին՝ սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական»։
Հիմնական պայքարի ուղղությունը, ըստ բանախոսի, և դրա հիմնական միջոցառումները պետք է հիմնված լինեն Արցախի իշխանությունների և հայաստանյան հասարակության կամ քաղաքական-հասարակական հատվածի այն սուբյեկտների վրա, որոնք գիտակցում են իրավիճակի լրջությունը, ովքեր գիտակցում են արցախցիների խախտված իրավունքների և դրանց վերականգնման անհրաժեշտության մասին։ Նա լիահույս է, որ որոշակի ժամանակ հետո՝ այդ քաղաքական կոնսուլտացիաների ամփոփումից հետո, հնարավոր կլինի հստակ հասկանալ, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվելու, որովհետև սա առանձին մարդկանց, առանձին հասարակական կազմակերպությունների, նույնիսկ առանձին քաղաքական ուժերի միջոցով անհնար է իրականացնել։ Այստեղ պետք է լինի ընդհանուր կոնսենսուս այս հարցերի ոչ միայն ընդհանուր գնահատականների, այլ նաև լուծման ճանապարհների մասին․ «Պետք է հնարավորություն ստանան Արցախի պետական ինստիտուտները գործելու, արդյունավետություն ստանալու, ըստ ուղղությունների շարժվելու, որովհետև թեև մենք այսօր, երբ որ խոսում ենք Արցախի մասին, երբ որ խոսում ենք արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին, ճիշտ է, դա այսօրվա մեկ, երկու, երեք օրվա պայքարի արդյունքում հնարավոր չէ, բայց առանց հետևողական և երկարաժամկետ ծրագրերի որևէ ծրագիր որևէ ձևով հնարավոր չի լինելու պարզապես իրացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: