«Այս գիրքը սրտի կանչ է, տուրք իմ նախնիներին, անտանելի մեծ ցանկություն՝ պատմելու հրաշալի մի երկրի, այն հողի մասին, որից բաժանվեցին հին Աղվանքի, Գարդմանի, Ուտիքի, Մեծ Հայաստանի արևելյան մասի բոլոր բնակիչները»․ Տատյանա Մինասյան

Օմսկում վերջերս լույս է տեսել Տատյանա Մինասյանի՝ «Բանանցն իմ սրտում է ապրում» գիրքը։ Այստեղ անսահման սեր ու հարգանք կա Հայրենիքի և նախնիների հանդեպ, ակունքները ճանաչելու ձգտում, որոնք, անկասկած, յուրաքանչյուր ինքնաճանաչման և զարգացման ձգտող անհատի, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդի համար հանդիսանում են ապագայի հիմքը։

Մանկավարժ և հասարակական գործիչ Տատյանա Ալեքսանդրովնայի անգնահատելի աշխատանքի, ինչպես նաև նրա ընկերուհիների՝ Գայանե Հակոբյանի ու Անահիտ Հակոբյանի՝ անկեղծ հիացմունքի արժանի օգնության շնորհիվ է լույս աշխարհ եկել այս հասարակական-պատմական և գիտական աշխատությունը։

Տատյանա Մինասյանը ծնվել է 1946 թվականին Գարդման աշխարհի Քարհատ գյուղում (Դաշքեսան, այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք)։ Մանկավարժությունն իր կոչումը համարող մտավորականն այն հազվագյուտ ուսուցիչներից է, որը կարողանում է ներթափանցել աշակերտի ներաշխարհը, ճանաչել նրա էությունը և, երեխայի մակարդակին հասնելով, կարողանալ հետաքրքրել նրան ու մեծ սիրով, գրագետ կերպով առաջնորդել իր հետևից։

 

Տիկին Մինասյանի արժանիքներին և տաղանդին պետք է ավելացնել նաև նրա սերը արվեստի հանդեպ։ Արվեստի մասին իր անձնական գիտելիքներով նա նույնպես հետաքրքրում էր աշակերտներին՝ սերմանելով այն։ Իսկ իր արտիստական ունակություններով և գեղեցիկ ձայնով նա զարդարել և շարունակում է զարդարել հանդիսավոր ու բարեկամական միջոցառումները։

Ի դեպ, Տատյանա Ալեքսանդրովան առաջիններից էր, որն անհրաժեշտ համարեց ֆիլմ նկարահանել հայրենի Բանանցի մասին։ Նա գտնում է, որ Գարդմանից արմատներ ունեցող բոլոր մարդկանց համար չափազանց անհրաժեշտ և կարևոր է գնահատել ու պահպանել նախնիներից ժառանգված պատմական և մշակութային արժեքները։

«Բանանցն իմ սրտում է ապրում»,— ասում է Տատյանա Մինասյանն ու շարունակում.

«Իմ թոռներին և ծոռներին, որոնք ապրելու են իրենց նախնիների հողի վրա, նվիրում եմ գիրքս»,— ինչը գրված է նաև վերջինիս տիտղոսաթերթին։

«Այս գիրքը սրտի կանչ է, տուրք իմ նախնիներին, անտանելի մեծ ցանկություն՝ պատմելու հրաշալի մի երկրի, այն հողի մասին, որից բաժանվեցին հին Աղվանքի, Գարդմանի, Ուտիքի, Մեծ Հայաստանի արևելյան մասի բոլոր բնակիչները՝ Ադրբեջանից հայ բնակչության տեղահանության տարիներին (1987–1993)։ Բայց մեզ չեն կարող ստիպել մոռանալ և չսիրել մեր լեզուն, սովորույթները, ծեսերն ու ավանդույթները։ Տարիների ընթացքում արմատների հետ կապը միայն ավելի է ամրապնդվում ու արդարության կոչ անում, որի հաղթանակին ես երբեք չեմ կասկածում։ Հետպատերազմյան և քաղաքական ծանր ժամանակներում, որոնք կապված են «բարի» հարևանների հետ, հայ ժողովրդի համախմբվածությունը կարևորագույն դեր է խաղում հայոց լեզվի, մշակույթի և, ընդհանրապես, մեր պատմության ու ինքնության պահպանման գործում։ Այս բարի գործի մեջ բացառիկ դեր ունեն հայկական համայնքները՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում»,— ասում է մեր զրուցակիցը, հետո խոստովանում՝ իմ համագյուղացի, մեծանուն գիտնական, 103-ամյա Սերգեյ Համբարձումի Տերյանի հիշողությունները ցնցեցին ինձ՝ իրենց արմատների, հայրենի բնաշխարհի, հնագույն և եզակի Բանանց գյուղի տաղանդավոր մարդկանց հանդեպ ունեցած սիրով։ Մեծ սիրով և խոր հարգանքով նա գրում է այն նշանավոր և սովորական մարդկանց մասին, որոնց հանդիպել է իր կյանքի ճանապարհին։ Իմ հոգու պարտքը համարեցի Սերգեյ Տերյանի «Հուշերը» թարգմանել ռուսերեն՝ դրանք ռուսալեզու ավելի լայն շրջանակների սեփականությունը դարձնելու և այս գրքում հրատարակելու նպատակով։ Իմ անկեղծ և խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս աշխատանքի հրատարակությանը»։

Հիմա՝ փոքր-ինչ մանրամասն Տատյանա Մինասյանի մասին։ Նա հասարակական գործիչ է, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի անդամ։ Լինելով բազմաթիվ հոդվածների հեղինակ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների մասին, և այդ կերպ հավերժացնելով 1945 թվականի ֆաշիզմի դեմ հաղթանակում անգնահատելի ներդրում ունեցած հայտնի ու անհայտ հերոսների անունները՝ Տատյանա Ալեքսանդրովնան պարգևատրվել է «Լեգենդներ ճակատից» և «Մեծ հաղթանակ. Սերունդների ժառանգությունը» մրցույթներում, որոնք կազմակերպվել էին «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպության և «Անմահ գնդի» կողմից՝ Հայաստանի բոլոր կրթական հաստատությունների մանկավարժների և աշակերտների շրջանում՝ Մեծ հաղթանակի 80-ամյակի շրջանակներում։

Նա սերունդների մեջ սերմանել է սեր բնական գիտությունների, մարդասիրության, ստեղծագործական հոգեբանության, մարդու կարողություններն ու առաքելությունը ճանաչելու ձգտման հանդեպ։ Բայց ամենակարևորը՝ նա սեր է սերմանել Հայրենի հողի, արմատների ու ակունքների հանդեպ, հիշողություն և հարգանք՝ նախնիների, սեփական ժողովրդի և հարազատների պատմության նկատմամբ։ Հենց այս գործին է Տատյանա Մինասյանը ծառայել և շարունակում է ծառայել մինչ օրս՝ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալելով, հռետորական և գրավոր խոսքի արվեստի միջոցով մարդկանց հասցնելով տեղեկություններ իր Հայրենի եզերքի, Գարդմանի հողի, փոքր, բայց նշանակալի Բանանց գյուղի մասին, որը աշխարհին պարգևել է բազմաթիվ տաղանդավոր զավակներ՝ որդիներ և դուստրեր։

Գրքում նա պատմում է նաև այն քաղաքական իրադարձությունների մասին, որոնք պատճառ դարձան հայրենի հողից բաժանման, բայց չկարողացան ստիպել մոռանալ այն։

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment