Երիտասարդների շրջանում սրտի կաթվածի դեպքերն աճում են․ «Կյանքի 8 կարևոր կանոնները», որոնք կօգնեն խուսափել այդ վտանգից

Չնայած տարեց մարդկանց շրջանում սրտի կաթվածների դեպքերի նվազման միտումին՝ ամբողջ աշխարհում աճում է երիտասարդների շրջանում գրանցվող սրտամկանի ինֆարկտների թիվը։Այս միտումը հանրային առողջության լուրջ խնդիրներից է։

Վերջին տասնամյակների համեմատ երիտասարդների շրջանում ավելի ու ավելի շատ փաստեր են արձանագրվում սրտանոթային տարբեր խնդիրների աճի մասին, և դրա հիմնական պատճառներից են կենսակերպի վատթարացող սովորությունները՝ հատկապես անառողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության պակասը։ Որոշ հետազոտություններ էլ ենթադրում են, որ COVID-19-ի վարակները ևս նպաստել են իրավիճակի սրմանը։

Երիտասարդների շրջանում սրտի կաթվածներն աճում են

Սրտի կաթվածը, որը կոչվում է նաև սրտամկանի ինֆարկտ, տեղի է ունենում այն ժամանակ, երբ դեպի սիրտ արյան հոսքը մասամբ կամ ամբողջությամբ արգելափակվում է։ Ամենատարածված ախտանշաններից են կրծքավանդակի ցավը կամ անհանգստությունը, ցավը, որը տարածվում է ծնոտի, պարանոցի, մեջքի կամ ձեռքերի ուղղությամբ, շնչառության դժվարացումը, թուլությունը կամ ուշագնացությունը։

2019 թվականին American Journal of Medicine-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 40 տարեկան կամ ավելի երիտասարդ մարդիկ, որոնք արդեն ունեցել են սրտի կաթված, հետագայում երկրորդ սրտի կաթվածից կամ այլ պատճառներով մահանալու նույնպիսի հավանականություն ունեն, որքան տարեց հիվանդները։

Ավելին, 2020-2021 թթ երիտասարդների շրջանում սրտանոթային հիվանդությունների աճը, ըստ JAMA Network-ում 2023 թվականին հրապարակված խմբագրական նյութի, այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում կյանքի տևողության նվազման ավելի քան 4 տոկոսի պատճառներից մեկն էր։

Միևնույն ժամանակ, աճում է նաև սրտային անբավարարությունից մահացող երիտասարդների թիվը։ Սրտային անբավարարությունն այն վիճակն է, երբ սիրտը չի կարողանում բավարար քանակությամբ արյուն մղել՝ օրգանիզմի պահանջները բավարարելու համար։ Այն կարող է առաջանալ սրտամկանը թուլացնող տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ սրտի կորոնար հիվանդության, բարձր զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարումների և սրտի կաթվածների հետևանքով։

JAMA Cardiology-ում անցյալ տարի հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2012-2021 թվականներին 45 տարեկանից ցածր մարդկանց շրջանում սրտային անբավարարությունից մահացության աճը փաստացի վերացրել է այդ հիվանդությունից մահացության 1999-2012 թվականների ընթացքում արձանագրված 13 տարվա նվազման արդյունքը։

Սրտի կանգը, սակայն, այլ իրավիճակ է։ Այն տեղի է ունենում, երբ սրտում առաջանում է էլեկտրական խանգարում, և սիրտը հանկարծ դադարում է բաբախել։ Քանի որ սրտի կանգի պատճառ կարող են լինել մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ կարդիոմիոպաթիան՝ սրտամկանի հաստացումը, սրտային անբավարարությունը, առիթմիաները և սրտի կաթվածը, բժիշկների համար դժվար է ուսումնասիրել, թե արդյո՞ք այն իսկապես ավելի հաճախակի է դարձել երիտասարդների շրջանում։

Թեև տղամարդկանց շրջանում սրտի կաթվածը սովորաբար ավելի տարածված է, քան կանանց, վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ երիտասարդ կանանց շրջանում սրտի կաթվածների դեպքերն ավելի արագ են աճում, քան երիտասարդ տղամարդկանց շրջանում, իսկ հիվանդության ելքերը նրանց մոտ կարող են ավելի ծանր լինել։

Ըստ McKinsey Health Institute-ի և American Heart Association-ի 2024 թվականի զեկույցի՝ ընդհանուր առմամբ կանայք ավելի հաճախ են մահանում սրտի կաթվածից և հոսպիտալացումից հետո հինգ տարվա ընթացքում ավելի հաճախ են ունենում սրտային անբավարարություն, քան տղամարդիկ։

Որո՞նք են հիմնական ռիսկի գործոնները

Հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ մարդիկ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների ազդեցությանը հիմնականում ենթարկվում են ավելի երիտասարդ տարիքում։ Միևնույն ժամանակ, սրտի կաթված ստացած երիտասարդ, առաջին հայացքից առողջ մարդկանց մեծ մասը գրեթե միշտ ունեցել է առնվազն մեկ ուղեկցող առողջական խնդիր։

Ռիսկի հիմնական գործոններն են զարկերակային բարձր ճնշումը, շաքարախտը, արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը և ճարպակալումը։ Այս բոլոր վիճակները կարող են վնասել և նեղացնել այն զարկերակներն ու արյունատար անոթները, որոնք թթվածնով հարուստ արյուն են մատակարարում սրտին։

Թեև այս խնդիրներից որոշները կարող են ունենալ ժառանգական հիմք, ավելի հաճախ դրանք պայմանավորված են տարիներով ձևավորված անառողջ սովորություններով՝ անորակ սննդակարգով և նստակյաց կենսակերպով։

COVID-19-ը, մյուս կողմից, կարծես թե ավելի անմիջական ազդեցություն ունի սրտանոթային համակարգի առողջության վրա։ 2022 թ․-ին Journal of Medical Virology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ համավարակի առաջին տարվա ընթացքում սրտի կաթվածից մահացությունը աճել է 14 տոկոսով։ Ամենամեծ աճը գրանցվել է 25-44 տարեկանների շրջանում։

Հայտնի է, որ COVID-19-ը ակտիվացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները և արյունը դարձնում ավելի խիտ ու կպչուն։ Դրա հետևանքով վարակված մարդկանց մոտ կարող է մեծանալ արյան մակարդուկների առաջացման հավանականությունը, որոնք կարող են խցանել զարկերակները և հանգեցնել սրտի կաթվածի։ Սակայն դեռևս հստակ չէ, թե ինչու են երիտասարդները COVID-19-ի սրտանոթային բարդությունների նկատմամբ, կարծես թե, ավելի խոցելի։

Երիտասարդների շրջանում սրտի կաթվածի բարձր ռիսկի հետ կապվում են նաև այլ գործոններ, այդ թվում՝ ծխախոտի, ալկոհոլի օգտագործումը։

Ինչպե՞ս նվազեցնել սրտի կաթվածի վտանգը

Կանխարգելումը պետք է սկսել հնարավորինս վաղ։ Որքան երկար է մարդը ենթարկվում ռիսկի գործոնների ազդեցությանը, այնքան մեծ է նրա մոտ հետագայում սրտանոթային հիվանդություն ունենալու և ավելի ծանր հետևանքների բախվելու հավանականությունը, հատկապես երբ խնդիրները չեն լուծվում։

American Heart Association-ը խորհուրդ է տալիս հետևել «Կյանքի 8 կարևոր կանոններին» (Life’s Essential 8)։

Դրանք են՝

  • առողջ սննդակարգը,
  • ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը,
  • ծխախոտից հրաժարվելը,
  • բավարար քունը,
  • մարմնի քաշի,
  • խոլեսթերինի,
  • արյան մեջ շաքարի,
  • զարկերակային ճնշման վերահսկումը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ National Geographic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment