Տոները միայն օրացույցի վրա նշված օրեր չեն․ դրանք ժողովրդի հիշողությունն են, դարերից եկող պատմությունները, հավատալիքներն ու սովորույթները, որոնք, սերնդեսերունդ փոխանցվելով, շարունակում են ապրել նաև այսօր։ Հայկական տոնածիսական մշակույթը հենց այդ կենդանի ժառանգության կարևոր մասն է, որի պահպանման ու փոխանցման անհրաժեշտությունը, ժամանակի և իրադարձությունների բերումով, ավելի է կարևորվում։
Հենց այս գաղափարի շուրջ է կառուցվել նաև «Հայկական տոնածիսական մշակույթ․ տեսական և գործնական գիտելիքներ» մեթոդական ձեռնարկը, որի շնորհանդեսը Հայաստանի պատմության թանգարանում համախմբեց մշակույթի պահպանմամբ ու տարածմամբ մտահոգ մարդկանց, մասնագետների և նախաձեռնության աջակիցների։ Ձեռնարկը լույս է տեսել «1000 Վահան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի և «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի ջանքերով։
Շնորհանդեսի ընթացքում խոսվեց ոչ միայն ձեռնարկի ստեղծման ու նշանակության, այլև ազգային մշակութային ժառանգությունը նոր սերունդներին հասանելի դարձնելու կարևորության մասին։ Միջոցառումն առիթ էր նաև հիշեցնելու, որ մշակութային ժառանգությունը պահպանվում է ոչ միայն թանգարաններում ու գրքերում, այլև այն ժամանակ, երբ փոխանցվում, կիրառվում և վերաիմաստավորվում է՝ դառնալով ներկայի մի մասը։
«1000 Վահան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սրբուհի Մովսիսյանն է պատմում ձեռնարկի ստեղծման մասին․ այն հավաքական արդյունք է 2023 թվականից տարբեր մարզերում, սահմանամերձ համայնքներում հիմնադրամի իրականացրած տոնածիսական դասընթացների և տարբեր ծրագրերի։
Ազգագրագետ Նարինե Շամամյանը հիշում է՝ երբ երկու տարի առաջ հայկական տոների և ծեսերի վերաբերյալ առաջին դասընթացներն էին անցկացնում Հայաստանի սահմանապահ գյուղերում՝ խնդիր դնելով թե՛ երիտասարդ, թե՛ ավագ սերնդին իրազեկել տվյալ տարածքի տոնածիսական մշակույթին, չէին պատկերացնում, որ արդյունքն այսպիսին կլինի։ Իսկ ձեռնարկ ստեղծելու և հայկական տոնածիսական մշակութային ժառանգությունն ավելի մասշտաբային փոխանցելու անհրաժեշտությունն առաջացավ նաև տեսնելով, թե ինչպես են մեր հարևան պետությունները յուրացնում մեր պատմամշակութային ժառանգությունը կամ փորձում ջնջել այն հիմնահատակ։ Մարզային դասընթացների ընթացքում փոխանցվել են ոչ միայն հայկական երգերն ու պարերը, այլ նաև տիկնիկագործության և ասեղնագործության ավանդույթները։ Մեր տոնածիսական ժառանգության նկատմամբ մեծ հետաքրքրությունն էլ ավելի ոգևորեց ձեռնարկ ստեղծելու գաղափարը․ «Յուրաքանչյուր տոն ունի իրեն բնորոշ տիկնիկները, ունի իրեն բնորոշ ծիսական կերակուրը, երգը, պարը, հագուստը, խաղերը և բազմաթիվ այլ հետաքրքիր ծիսական առարկաներ, որոնք, իհարկե, ներառված են ձեռնարկում»։
«Զվարթնոց» թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ով նույնպես մասնակցություն է ունեցել ձեռնարկի ստեղծման գործում, ասում է․ «Ձեռնարկը հնարավորություն է տալիս, որպեսզի բոլորը կարողանան՝ անկախ տարիքից, սեռից, գտնվելու վայրից, սովորել և կիրառելի դարձնել սովորածը։ Այստեղ, հավուր պատշաճի, ներկայացված են բոլոր տոները, բավական մատչելի է, գիտական ժարգոնիզմ այստեղ չկա։ Հասկանալի լեզվով ուսուցիչների, երեխաների համար․ նրանք կարող են հաղորդակից դառնալ մեր մշակութային ժառանգության այս կարևոր շերտին։ Այստեղ կարող եք տեսնել որոշակի թանգարանային առարկաների պատկերներ, որոնք հենց վերաբերում են հարսանեկան հանդերձանքին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի մեներգչուհի Աննա Թովմասյանը, ով ծրագրի շրջանակներում երգեր է ուսուցանել, իսկ ձեռնարկի համար հայկական տոներին և ծեսերին առնչվող երգերն է ընտրել, միջոցառումը զարդարեց իր կատարումներով։ Նրան միացան նաև դուդուկի հայտնի վարպետները։
«Հայ ժողովրդի կյանքում չկա որևէ երևույթ՝ սովորական կենցաղից սկսած, երեխայի ծնունդից սկսած մինչև մահ, ամբողջը մենք այդ երգային տարբերակներն ունենք գրառված և պահպանված՝ շնորհիվ Կոմիտասի։ Մի կին, ով ամուսնացել էր 13-14 տարեկանում․․․ այս մայրն իր երեխայի համար հրաշալի երգ է ստեղծել, որն ինքն իր արժեքով շատ-շատ բարձր տեղ է զբաղեցնում հայկական ֆոլկլորում։ Գրքում ներառված են միայն հայկական ֆոլկլորի երգեր, այստեղ չեք տեսնի կոմպոզիտորական գործեր․ սա հենց Կոմիտասի կամ Կոմիտասի աշակերտների կողմից գրառված երգերն են, որոնք մենք մատուցելու ենք դպրոցներում սովորող աշակերտներին։ Ձեռնարկում մենք զետեղեցինք այն երգերը, որոնք հանրամատչելի են դպրոցականների համար, որովհետև մեր թիրախը հենց երեխաներն են։ Մենք շատ բարդ երգեր չենք ընտրել այս իմաստով․ ամենակարևորը հենց դա էր, որ այնպիսի երգեր ընտրվեն, որ հասանելի լինեն բոլորին։ Հատուկ ձայնային տվյալներ չպահանջող երգեր են սրանք, որ յուրաքանչյուր մարդ կարող է երգել»,- մանրամասնում է Աննա Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ճամբարակի համայնքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Հայկ Պողոսյանը, խոսելով «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին, բավական հետաքրքիր բնութագրում տվեց․ ««1000 Վահանը» մեզ զինել է վահաններով։ Հարց է առաջանում՝ ումի՞ց կամ ինչի՞ց պետք է պաշտպանվենք մենք այս վահաններով։ Մեր օրերում սոցիալական ցանցերը ողողված են խեղաթյուրված ինֆորմացիայով, և, ցավոք, մեր սերունդներն օգտվում են հենց սոցիալական ցանցերից, ձեռք են բերում, մեղմ ասած, սխալ տեղեկություններ։ Իսկ «1000 Վահանի» թիմի շնորհիվ մենք հենց «վահաններով» պաշտպանվում ենք այդ սխալ տեղեկություններից»։
Նա վստահ է՝ առայժմ 220 էջում ամփոփված այս նախաձեռնությունը ձնագնդի էֆեկտով տարածվելու և մեծանալու է։
Հայտնի երաժիշտ, երգահան Արա Գևորգյանն էլ մտավախություններ ունի․ մեր օրերում արագորեն կորցնում ենք ազգային այս մշակույթը, դրան փոխարինում են օտարամուտ ծեսեր, ուստի այս նախաձեռնությունն ավելի քան կարևոր է։ Ի դեպ, Արա Գևորգյանի «1000 դհոլ» նախագիծը նույնպես իրականացվել է «1000 Վահան» հիմնադրամի աջակցությամբ։
Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ ձեռնարկի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կազմված է շատ մեծ սիրով, մեծ պատասխանատվությամբ, շատ քննարկված և մանրակրկիտ աշխատանք է կատարված ձեռնարկի վրա․ «Տոնածիսական մշակույթն առանձնահատուկ, անփոխարինելի և կարևոր դեր ունի թե՛ անհատի, թե՛ ընտանիքի, թե՛ համայնքի, հասարակության ու առհասարակ պետության կենսագործունեության փուլում, տարբեր շրջափուլերում։ Քանի որ տոնածիսական մշակույթն իր մեջ ներառում է մեր հազարամյակներով ձևավորված հոգևոր և նյութական մշակույթի տարբեր բաղադրատարրեր, և տոնածիսական մշակույթի առանձնահատկություններից և կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք յուրաքանչյուր տոն նշում ենք ամեն տարի։ Այսինքն՝ մենք ամեն տարի հնարավորություն ենք ունենում վերարժևորելու, հաղորդակցվելու այդ տոնի շրջանակում մեզ փոխանցվող հոգևոր մշակույթի, նյութական մշակույթի արժեքներին, ինչպիսին են ուտեստը, ավանդական հագուստը, խաղերը, պարերը, մեր սիրելի երգերը, ինչու չէ նաև ընտանեկան հարաբերությունները, միջանձնային հարաբերությունները, և տոները շատ կարևոր են նաև իրենց փոխանցած գաղափարներով։ Որովհետև նյութական մշակույթի վերարտադրությունից զատ նաև մենք գաղափարներն ենք յուրաքանչյուր տարի թարմացնում մեր մտքում։ Հատկապես եթե հաշվի ենք առնում, որ մեր ժողովուրդն այդ մշակութային-նյութական արժեքների կողքին, զուգահեռ նաև գիտակցում է, օրինակ, թե հոգևոր ինչ տարրեր են պարունակում նույն Սուրբ Ծնունդը, Հարության տոնը, Պայծառակերպության տոնը, և սա շատ կարևոր է նաև մեր հոգևոր հասունության, հոգևոր աշխարհը թարմացնելու առումով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: