Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի»» հայցի քննությունը հետաձգվեց՝ հայցվորի եւ նրա ներկայացուցչի բացակայության պատճառով։
«Մենք չառարկեցինք նիստի հետաձգմանը, քանի որ, ի տարբերություն հայցվորի, չենք ուզում հապճեպ որոշում կայացվի, ուզում ենք հասկանալ, թե ի՞նչն է հայցվորը զրպարտություն համարում, որովհետեւ նշված հրապարակումը ոչ թե տեղեկություններ է պարունակում, այլ հարցադրումներ, հեգնանք, իր իսկ ոճով իր ստատուսներին արձագանք, հրապարակախոսություն, բայց հաստատ՝ ոչ զրպարտություն: Երկար տարիներ խմբագիր աշխատած մարդը, պարզվում է, իսպառ մոռացել է լրագրողների աշխատանքի տարրական սկզբունքները, խմբագրի աշխատանքի նրբությունները: Եթե նման սկզբունքով իր թերթի դեմ ժամանակին դիմեին դատարան, ապա բոլոր հրապարակումների համար պետք է դատի տային, եւ նա ուղղակի դուրս չէր գա դատարաններից: Բայց խնդիր չկա, դիմել` դիմել է, հիմա ինչո՞ւ դատարան չեն ներկայանում` ոչ ինքը, ոչ իր փաստաբանը: Երեւի համոզված են, որ ներկայանան` չներկայանան, մեկ է` դատը շահած ունեն: Սա առնվազն անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ: Առանց այն էլ մի կես էջանոց անգրագետ, չպատճառաբանված հայց են տարել դատարան, համոզված, որ «չկա դատավոր, որ վարչապետի կամքը չկատարի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում ներկայացնում է արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի փաստաբանական գրասենյակը: Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ստատուս` ստատուսի ետեւից էր գրում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների դեմ, հարցեր էր ուղղում նրանց, թե` պատասխանեք՝ արդյոք խախտե՞լ եք կուսակրոնության ուխտը, արդյոք զավակներ ունե՞ք, կանանց հետ ինտիմ հարաբերություններ ունեցե՞լ եք, «Հրապարակը» համարժեք ոճով հեգնական հարցեր էր ուղղել Փաշինյանին` «Դավաճանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը կնոջը» վերտառությամբ:
Այս հրապարակումը Նիկոլ Փաշինյանը դիտել է որպես զրպարտություն եւ դիմել է դատարան` պահանջելով լրատվամիջոցին պարտադրել, որ հերքում տարածի եւ 1 միլիոն դրամ վճարի իրեն` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Հայցի քննությունը սկսվել է դեռեւս սեպտեմբերին: Դատարանը` Նելլի Հարությունյանի նախագահությամբ, հենց առաջին նիստում, որին պատասխանողը` «Հրապարակի» ներկայացուցիչը, ներկա չի գտնվել, ապացույցների բեռի բաշխում է իրականացրել՝ բնականաբար ի վնաս լրատվամիջոցի: Հարցով առաջադրված մտքերը դատարանը` վարչապետի թելադրանքով, համարել է տեղեկություններ եւ որոշել է, որ այդ տեղեկությունները «Հրապարակը» պետք է ապացուցի դատարանում: Հաջորդ նիստերին «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը եւ նրանց ներկայացուցիչ, փաստաբան Վրեժ Խաչիկյանը ներկա են գտնվել եւ ներկայացրել իրենց դիրքորոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: