Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնապես լեգիտիմացրեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը․ Տաթև Զորյան

ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի» պայմանների ձևավորման մասին, լոկ քարոզչական հռետորաբանություն չէ։ Սա Բաքվի որդեգրած պաշտոնական ռազմավարության արձանագրումն է` միջազգային բարձրագույն ամբիոնից։

Այս իրողության խորքային քննությունը բացահայտում է չորս առանցքային հարթություն․

1.«Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրավաքաղաքականացում․ Բաքուն հետևողականորեն միջազգայնացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ձևավորել է արհեստական «հայելային» օրակարգ․ Արցախից բռնագաղթված հայերի վերադարձի իրավունքի թեզին հակադրվում է Հայաստանում ադրբեջանական հոծ համայնքների վերաբնակեցման պահանջը։ Սա միջազգային իրավունքի մանիպուլյացիա է՝ Արցախի էթնիկ զտման պատասխանատվությունը չեզոքացնելու նպատակով։

2.Գոյաբանական և ժողովրդագրական սպառնալիք․ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցման պահանջը պետականության քայքայման ուղղակի գործիք է։ Նման համայնքների ձևավորումը և դրանց համար «միջազգային երաշխիքների» կամ «ինքնավարության» կորզումը հետագայում ծառայեցվելու են ՀՀ ինքնիշխանությունը ներսից ապակայունացնելու և տարածքային նոր հավակնություններ պարտադրելու համար։

3. Իշխանության ռազմավարական կուրությունը․ ՀՀ գործող իշխանությունները տևական ժամանակ հանրությունից կոծկել կամ հերքել են այս սպառնալիքի գոյությունը՝ այն որակելով որպես «կեղծ թեզ»։ Բայրամովի հայտարարությունն ի չիք է դարձնում պաշտոնական Երևանի հերքումները` բացահայտելով պետական ապարատի անկարողությունը՝ ձևավորելու արտաքին մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և իրավական զսպաշապիկ։

4. «Խաղաղության օրակարգի» սնանկությունը․ սա փաստում է, որ միակողմանի զիջումների և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը չի չեզոքացնում Բաքվի ծավալապաշտությունը։ Յուրաքանչյուր զիջումից հետո Ադրբեջանը բարձրացնում է պահանջների նշաձողը։ Առանց ուժերի իրական հավասարակշռության վերականգնման՝ «խաղաղության» անվան տակ տեղի է ունենում պետական սուվերենության աստիճանական կորուստ։

Հ.Գ. Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնապես լեգիտիմացրեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը։ Իշխանությունների կողմից այս վտանգի հերքումը պետական դավաճանություն է։ Անհրաժեշտ է ձերբազատվել իլյուզիաներից և անհապաղ ձևավորել պետական դիմադրողականության վրա հիմնված, ինստիտուցիոնալ-դիվանագիտական հակազդման ռազմավարություն, այլապես հայի հետին խելքն այս անգամ մեզ չի փրկի։

Տաթև ԶՈՐՅԱՆ
ՀԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment