Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, 2026թ. սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, մասնավորապես, հայտարարել է. «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»:
Մեջբերման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը:
Համաձայն հնագույն աղբյուրների մասնավորապես՝ հունա-հռոմեական աղբյուրների, հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա հենց ադրբեջանցի հետազոտողների համաձայն, «ադրբեջանցի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936 թվականից սկսած, դրանցի առաջ նրանք կոչվել են «կովկասյան թաթարներ», «թյուրքեր»: Ըստ այդմ՝ «ադրբեջանցի» էթնոնիմը ունի 90 տարվա պատմություն:
Այս մասին փաստում են հենց իրենք՝ կովկասյան թաթարները (ետնագույն ադրբեջանցիները), ովքեր թե՛ պետական-քաղաքական գործիչներ են և թե՛ հետազոտողներ:
- 1918թ. դրությամբ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեն, մասնավորաբար, ասել է. “Мы даже не протестовали, когда нас называли “татарами” и “персиянами”. Мы не осознали себя как нация”:
- Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ Ֆարիդ Ալեքպերլին, 2009թ. օգոստոսի 8-ին “Зеркало” օրաթերթում հրապարակված իր “Кто мы, от кого произошли и куда идем?” վերտառությամբ հոդվածում, ի մասնավորի, գրել է. ““Азербайджанец” и вся его история начинается со сталинской реформы 1930-х годов. До этого его, азербайджанца, просто не существовало”:
- Իսկ 1993-2003թթ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իրենց ինքնությունն ու լեզուն պարզելու և առաջիկայում ընդունվելիք Ադրբեջանի Սահմանադրության (ընդունվել է 1995թ. նոյեմբերի 12-ին) մեջ ամրագրելու նպատակով 1995թ. հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների, գիտնականների հետ ունեցած հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է. “Сначала нас называли татарами,… потом, после 1918-го года – тюрками, с 1936-го года – азербайджанцами. Что делать?”.
Նախքան 1918 թվականի մայիսը «Ադրբեջան» անունով պետության և նախքան 1936 թվականի դեկտեմբերը «ադրբեջանցի» անունով ազգի չգոյության մասին նույն իրողությունն են փաստում կովկասյան թաթար (ադրբեջանցի) մի շարք այլ ներկայացուցիչներ:
Հետևաբար, բացարձակապես անհիմն է խոսել «ադրբեջանցի» ազգի դարերով գոյություն ունենալու մասին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ խոսքում առկա «խաղաղ գոյակցություն» ձևակերպմանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը:
Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերը պետական մակարդակով ծրագրել և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան փաստագրված, անժխտելի ապացույցներ:
Ի հավելումն ասվածի՝ հարկ է նաև նշել, որ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից սկսած հայտնի են «ադրբեջանցիներ» անվամբ, համատեղ խաղաղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:
Ի՞նչ հիմք կան նման պնդում անելու համար:
Բանն այն է, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար»:
Վերոնշյալ զեկույցից 20 տարի անց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության առումով իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի դրականը, այլև ճիշտ հակառակը. վիճակն ավելի է վատթարացել: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի դիտարկումները:
Այսպես, ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակված եզրափակիչ դիտարկումների համաձայն՝
- Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:
- Դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: