Կիևն ու Խարկովը գիշերը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման
Կիևն ու Խարկովը սեպտեմբերի 26-ի գիշերը ենթարկվել են ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ երկու քաղաքներում էլ գրանցվել են հարվածներ և հրդեհներ։ Խարկովում առնվազն չորս մարդ վիրավորվել է։
Կիևում անօդաչուների հարվածների հետևանքները գրանցվել են Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում։ Սոլոմենսկի շրջանում անօդաչուի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել գրասենյակային շենքում, իսկ մեկ այլ անօդաչուի բեկորներ ընկել են բաց տարածքում։ Ավելի ուշ հաղորդվել է նաև բազմահարկ բնակելի շենքի և առևտրային օբյեկտի միջև անօդաչուի հարվածի մասին։
Օբոլոնսկի շրջանում ևս բեկորներ են ընկել բաց տարածքում։ Նախնական տվյալներով՝ այնտեղ տուժածներ և էական վնասներ չեն գրանցվել։
Խարկովում, քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով, առնվազն երկու հարված է գրանցվել Կիևսկի շրջանում, ևս մեկը՝ Սալտովսկի շրջանում։ Վերջինում անօդաչուն ընկել է ոչ բնակելի շինությունների հարևանությամբ, վնասվել են մեքենաներ, որոնցից մի քանիսը բռնկվել են։
Սեպտեմբերի 25-ին ևս ռուսական անօդաչուներ հարվածել էին Կիևի Սոլոմենսկի շրջանում գտնվող «Ինկոմ» բիզնես կենտրոնին, իսկ Կիևի մարզի Իվանկով ավանում անօդաչուի հարվածից լիցեյում խոշոր հրդեհ էր բռնկվել։