Հայկական կողմը դեռևս չի տրամադրել փաստաթղթեր, որոնք կհաստատեին ձկնային և կաթնային արտադրանքի արտադրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ասված է ՏԱՍՍ գործակալությանը «Ռոսսելխոզնադզորի» մեկնաբանության մեջ։
Ելնելով դրանից՝ Ռուսաստանը պահպանում է նշված ապրանքների ներմուծման արգելքը։
«Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդագրեր։ Դա բավարար չէ սահմանափակումները հանելու համար։ Այս մասին տեղեկատվությունն ուղարկվել է հայկական կողմին»,-ասված է մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկերների հետ համատեղ հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի կաթնամթերքի արտադրամասերում իրականացվել են համատեղ ստուգումներ։ Դրանց արդյունքում հայկական կողմը հայտնել էր, որ արտադրողները չեն խախտել սանիտարական և այլ պահանջները։
Մայիսից «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Արգելքի տակ հաջորդաբար հայտնվեցին ծաղիկները, բանջարեղենը, հատապտուղները, մրգերը, խաղողը, կարտոֆիլը, չրերը, իսկ հունիսի 12-ից՝ գրեթե ողջ բուսական ծագման արտադրանքը (բացի պահածոյացվածից)։ Սահմանափակվել էին նաև ձկնամթերքի մատակարարումները Հայաստանի բոլոր ձեռնարկություններից։ Գերատեսչությունը քայլերը բացատրել էր սանիտարական պահանջների հայտնաբերված խախտումներով։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մնում է հայկական գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90%-ը։