Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի մեկնարկային խաղում 2:0 հաշվով հաղթել է Լատվիային:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հաղթանակը պայմանավորել է ֆուտբոլիստների կատարած մեծ աշխատանքով, հայտնում է Արմենպրեսը:
«Ուրախ եմ, դրական արդյունք ու լավ տրամադրություն ունենք: Մինչ այս՝ դժվար օրեր ենք ունեցել։ Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին: Հիմա ժամանակն է պատրաստվելու հաջորդ՝ Չեռնոգորիայի հետ խաղին: Ուրախ եմ, որ մեր պլանն աշխատեց»,- ասել է նա հետխաղային մամուլի ասուլիսում:
Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Գեորգի Հարությունյանը՝ Էդուարդ Սպերցյանի փոխանցմամբ:
74–րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Արթուր Ղարիբյանը, որի առաջին խաղն էր ազգային հավաքականի կազմում:
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սեպտեմբերի 28-ին դարձյալ Երևանում հյուրընկալելու է Չեռնոգորիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 20:00-ին։