«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, չի կարող որևէ մեկին թողնել անտարբեր, որովհետև հայրենիքը, որը մենք ունենք, նաև փոխանցելու համար է սերունդներին։
Երկար տարիներ աշխատել եմ միջազգային կառույցների հետ, նաև Հայաստանը ներկայացրել Եվրոպայի, երևի թե, ամենամեծ միջազգային խորհրդարանական հարթակում՝ ԵԽԽՎ Վեհաժողովում։ Ինչ այսօր Հայաստանում է կատարվում, մենք տեսել ենք հարևան պետություններում։ Մենք արձանագրել ենք հարևան պետություններում տիրող ժողովրդավարության բացակայությունը և միշտ հպարտորեն համեմատականներ ենք անցկացրել Հայաստանի հետ, բնականաբար, հօգուտ Հայաստանի։ Նույնը այսօր անել, ցավոք, չենք կարող։
Այն, ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ, իմ գնահատմամբ՝ ուղղակի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գողացված ձայները քողարկելու համար էր։ Որովհետև բարձրացնելով աղմուկ և հետապնդումները տանելով այն ուղղությամբ, որով գնացին, այսինքն՝ մի շարք ձեռնարկատիրական գործունեության աղավաղումներ, մի շարք ցուցադրական շոուներ, ուղղակի փորձ էին լռեցնելու հանրության մեջ և բոլորիս մոտ հարցը, թե ինչպես կեղծվեցին ընտրությունները և ուր կորան «Բարգավաճ Հայաստանից» գողացված ձայները։ Սա մի հնարք էր, որպեսզի խլեցվի այդ հարցը և փոխարենը առաջ բերվի այն, ինչին հասարակության մի շրջանակ շատ է սիրում հետևել, իսկ մենք լծված ենք այդ ամեն ինչը հերքելուն։
Դեռ մի տարի առաջ, երբ սկսեցին ահագնանալ քաղաքական հալածանքները Հայաստանի Հանրապետությունում, մենք սկսեցինք վարել Հայաստանում քաղաքական բանտարկյալների ցուցակ։ Գործընկերներս կհաստատեն, որ ինչ-որ մի պահի դա դարձավ անհնար, որովհետև քանակը անցավ 100-ից։ Եվ կային մարդիկ, որոնց մասին տեղեկությունը ուղղակի բավարար չէր։ Մենք տեսանք, որ չկա որևէ քաղաքական կառույց, շրջանակ, հասարակական, քաղաքական գործունեություն ծավալող մի շերտ, որտեղ չլինեն ազատ խոսքի լռեցման փորձեր, եղած չլինեն այս կամ այն ձևով մարդու ազատությունների սահմանափակման փորձեր։
Ինչպես տեսնում եք, մենք այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ուրախանում ենք, որ այս կամ այն քաղբանտարկյալին տալիս են տնային կալանք։ Ոչ մի բանի համար բանտարկված մարդուն տալիս են տնային կալանք, որը շատ քիչ բանով է տարբերվում բանտային կալանքից, մենք ուրախանում ենք ու սկսում շնորհավորել։
Մենք այս ամենից պետք է դուրս գանք։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը, ինչո՞ւ է տալիս տնային կալանք։ Ուղղակի կիրառվում է «պտտվող դռների» քաղաքականությունը՝ ազատելով բանտի տարածքը նոր մարդկանց, նոր քաղաքական հետապնդումների համար։
Առանձնահատուկ ուզում եմ նշել միջազգային կառույցների դերը, ավելի շուտ՝ նրանց հանցավոր լռությունը կամ հանցավոր անգործությունը, որը բերել, հանգեցրել է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում այսպես ոտնահարվում է ժողովրդավարությունը։ Մենք եկել ենք մի կետի, որ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից։ Դա վերաբերում է ոչ բոլոր եվրոպական կառույցներին և գործիչներին։ Բայց մեծամասնությունը, ինչպես տեսնում ենք, մեր իշխանություններին տվել է «քարտ բլանշ»՝ մեծ օրակարգում իր դերը կատարելու, այս հնարավորությունը ավարտին հասցնելու համար։
Այն, ինչ կատարվեց վերջին շրջանում, ուղղակի զարմանալի էր։ Խոսքիս որպես ապացույց բերեմ մեկ օրինակ։ Երբ քաղաքական նկատառումներով բանտարկված քաղբանտարկյալներից մեկը հայտարարում է հացադուլ, զրո ռեակցիա միջազգային կառույցների կողմից։ Բնականաբար, մեր կողմից՝ մի շարք նամակներ և հարցադրումներ, և պատասխանը գալիս է, որ այդ եվրոպական կառույցը դեպքերին հետևում է և տեղեկատվություն է ստանում ՄԻՊ գրասենյակից։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է։ Այստեղ շրջանը փակվում է։ Այսինքն՝ տեսնելով ՄԻՊ-ի՝ կարևորագույն ինստիտուտի, անգործությունը՝ եվրոպական կառույցները փոխանակ տորպեդահարեն, որպեսզի նա սկսի աշխատել, մի բան էլ նրանից ստանում են տեղեկություններ։
Այո, ընդհանուր մթնոլորտն է պետք փոխել։ Օրինակները շատ-շատ են։ Հետապնդվող մարդիկ էլ ավելի շատ։ Առանձին ուզում եմ նշել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նախապատրաստվող հարձակումը, որը կարծես թե արդեն ուրվագծվում է, և հիշեցնել, որ այդ ամենը ոչ այսօր է սկսվել, ոչ երեկ։ Մենք այն պետությունն ենք, որը տեսել է կալանավորված երեք արքեպիսկոպոս, տեսել է ահաբեկչության մեջ մեղադրվող Սրբազան, որի գործի մասին խոսելիս կառավարության ղեկավարը հենց ինքն ասում է՝ հեղափոխություն, այլ ոչ թե ահաբեկչություն»,- ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության» խորհրդի հրավիրած ասուլիսում։
Տիկին Կարապետյանը հույս հայտնեց, որ միասնական պայքարը կարևորագույն քայլն է հաղթանակի հասնելու համար, որ ուժերի և ռեսուրսների միավորումը ինչ-որ մի պահի կբերի հաղթանակի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: