Երիկամների ու կրծքավանդակի ցավերից բողոքող Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր դատարան գալուց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նիստը շարունակվեց առանց Ղուկասյանի ու նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի:

Ղուկասյանն ու Փոստանջյանը չէին ներկայացել դատարան:

Դատարան էր ստացվել Երեւան ՔԿՀ պետի գրությունը՝ կից Վարդան Ղուկասյանի բողոք-դիմումը: Դատարանն այն հրապարակեց:

«Տեւական ժամանակ է՝ բողոքում եմ կրծքավանդակիս ու երիկամներիս շրջանի ցավից ու չեմ ստանում անհրաժեշտ բուժօգնություն, հնարավորություններս չեն բավարարում ձեր վարույթում գտնվող դատական նիստին մասնակցելու համար:  Ընդունած դեղորայքն առաջացնում է անհանգստություն ու լարվածություն, արյանս մեջ շաքարի պարունակությունը արձանագրվել է 14 նիշ, տեղեկացնում եմ, որ ի վիճակի չեմ մասնակցել այսօրվա նիստին»,- գրությամբ հայտնել էր Վարդան Ղուկասյանը՝ խնդրելով իր բացակայությունը ճանաչել հարգելի ու միջոցներ ձեռնարկել իրեն հիվանադանոց տեղափոխելու:

Հանրային մեղադրողը հայտարարեց՝ բացի Ղուկասյանի հայտարարությունից առողջական վիճակի վերաբերյալ որեւէ այլ փաստական տվյալ, բժշկի կողմից ուսումնասիրության կամ որեւէ այլ փաստական տվյալ չի ներկայացվել. «Առնվազն չկա այդ մասով որեւէ նշում: Մեղադրյալը չի կատարում իր վրա դրված պարտականությունները եւ չի ներկայացել դատական նիստին: Մեղադրանքի կողմը միջնորդում է կիրառել հարկադրանքի միջոցներ նրա ներկայությունն ապահովելու համար»:

Ինչ վերաբերում է  Ղուկասյանի պաշտպանի չներկայանալու հիմքին՝ հանրային մեղադրողն ասաց՝ պաշտպանը  որեւէ տվյալ չի ներկայացրել բացակայելու համար, բայց պատշաճ ծանուցված է եղել, եւ խնդրեց դատարանին՝ պաշտպանի չներկայանալը դիտել անհարգելի:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը եւ ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment