Արցախի նախկին ՄԻՊ. «Հանրային մեծ ճնշում պետք է լինի այս իշխանությունների վրա, որ մեր հասարակությունը չի հանդուրժում ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև Ադրբեջանում»

«Հաշվի առնելով իմ փորձառությունը, իմ իրավապաշտպան գործունեության հիմնական ուղղությունները՝ ես հիմնական ուշադրությունը կդարձնեմ արցախցիների իրավունքների մարտահրավերներին ու խնդիրներին, որի հիմքը և պատճառները քաղաքական են»,- ասաց «Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» անդամ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը այսօր հրավիրված ասուլիսում։

«Հիշեցնեմ, որ այս օրերին 2020 թվականի 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման 3-րդ տարելիցը, և հենց այսօր վառելիքի պահեստի պայթյունի օրն է, 3-րդ տարելիցը, որի հետևանքով շուրջ 220 անձ զոհվեց, շուրջ 20-ը անհետ կորած են, մոտ 200-ն էլ վիրավորում ստացած։

Սա Արցախի ժողովրդի ցեղասպանության, էթնիկ զտման ուղիղ դրսևորումներից մեկն է եղել՝ չհաշված, որ բազմաթիվ այլ քաղաքացիական զոհեր են եղել։ Բռնի տեղահանման ժամանակ էլ 70-ից ավելի մարդ է մահացել զուտ ճանապարհին։ Եվ այս ցեղասպանական հանցագործությունը, տեսնում ենք, որ շարունակվում է թե՛ Արցախի շարունակական օկուպացիայով, թե՛ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման փաստացի անհնարինությամբ, որը, ցավոք սրտի, խթանվում և աջակցվում է նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից՝ իրենց քաղաքական կարճաժամկետ նպատակներից ելնելով։

Գալով մեր օրեր՝ Արցախի ժողովուրդը նաև Հայաստանի Հանրապետությունում մարտահրավերների առջև է կանգնած։ Մի կողմից՝ Հայաստանի մեր հայրենակիցները, հասարակությունը մեծամասամբ շատ գրկաբաց, ջերմ ընդունել է և ընդունում է։ Այս տեսանկյունից բազմաթիվ կազմակերպություններ, բարերարներ մասնավոր աջակցություն են ցուցաբերել։

Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյանների ընտանիքը այն առաջատար ընտանիքներից էին, որ լայնածավալ աջակցություն են ցուցաբերել մեր ժողովրդին, ինչի համար բոլորս բնականաբար շնորհակալ ենք։ Նաև բոլոր աջակցողներին՝ փոքրից մինչև մեծ։ Բայց մյուս կողմից մենք ունենք ոչ միայն հումանիտար սոցիալական խնդիրներ, ոչ միայն լայն առումով մեր քաղաքական իրավունքների իրացման հետ կապված մեծ խնդիրներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացով և այլն, այլ, ցավոք, ունենք նաև բազմաթիվ քաղաքական հետապնդումներ Արցախի ժողովրդի տարբեր ներկայացուցիչների հանդեպ՝ զուտ մեր ձայնը բարձրացնելու, մեր իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու պատճառով։

Եվ երբ փորձում ենք տարբեր հարցեր բարձրացնել, լուծումներ առաջարկել, անընդհատ տեղեկատվական դաշտում գեներացվում է ատելություն արցախցիների, ընդհանրապես, հայ ժողովրդի տարբեր հատվածների, խմբերի, այդ թվում՝ քաղաքական խմբերի, կուսակցությունների հանդեպ։ Բայց Արցախի ժողովուրդը, այսպես ասած, հատուկ թիրախ է այս իշխանությունների ատելության քարոզի, որը կրկին քաղաքական հետապնդումների դրսևորումներից մեկն է։

Բացի դրանից, Արցախի ժողովրդի, Հայաստանի մեր հայրենակիցների, քաղաքական ու հանրային գործիչների տարբեր ներկայացուցիչներ կանգնում են քաղաքական հետապնդումների առջև։ Եվ Գագիկ Ծառուկյանի դեպքն էլ այդ ցցուն դեպքերից է, թե ինչպես իշխանությունները հետապնդումների են ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին՝ տնտեսական ունեզրկման միջոցներ են կիրառում։

Այսքանը ներկայացնում եմ, որովհետև լայն առումով խնդիրները համակարգային են և ոչ միայն կոնկրետ անձինք և կուսակցություններ են թիրախավորվում իշխանությունների կողմից, այլ բոլորը, որոնք քաղաքական իշխանության գաղափարախոսությանն ու կուրսին հակառակ գործողություններ են կատարում կամ կարծիք հայտնում։ Սա շատ ցավալի և վտանգավոր միտում է, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է ավելի մեծ թուլացման, հասարակությանը՝ ավելի մեծ պառակտման։ Եվ դա այն դեպքում, երբ արտաքին սպառնալիքները չեն վերացել ու գնալով անորոշություններն ու ռիսկերը մեծանում են»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Արտակ Բեգլարյանը նաև անդրադարձավ Ադրբեջանում հայ պատանդներին, որոնք իրենց հերթին քաղաքական բանտարկյալներ են, էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով, զուտ հայ լինելու պատճառով են այնտեղ գտնվում։

«Բավականին շատ նմանություններ կան այնտեղ՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների հետապնդումների և Հայաստանում քաղաքական հետապնդումների առերեսվող անձանց հետ կապված։ Ինձ համար ցավալի հարցերից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս գործող իշխանությունների, ոչ միայն բավարար ջանքեր չեն գործադրում բոլոր հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, այլ երբեմն-երբեմն թիրախավորում են Ադրբեջանում պատանդառված տարբեր հայ գործիչների, հատկապես Արցախի նախկին քաղաքական ղեկավարությանը, ինչը լրացուցիչ ապացույց է, որ գործող իշխանությունները, մեղմ ասած, շահագրգռվածություն չունեն նրանց վերադարձի, այլ հակառակը, շահագրգռված են, որ չվերադառնան։

Այս տեսանկյունից կարևոր է, որ հանրային մեծ ճնշում լինի իշխանությունների վրա։ Նաև արտաքին ճակատով, որպեսզի հստակ երևա, որ մեր հասարակությունը չի հանդուրժում ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև Ադրբեջանում, որոնց ազատ արձակումը առաջին հերթին իշխանությունների պարտականությունն է»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment