Եվրոպական միության անդամ երկրները համաձայնեցրել են «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» (European Peace Facility) միջոցով Ուկրաինային 6,6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Սա լավ նորություն է Ուկրաինայի և վատ նորություն՝ Ռուսաստանի համար», – ընդգծել է Կալլասը։
Նրա խոսքով՝ 900 միլիոն եվրո կհատկացվի Ուկրաինային աջակցող՝ ԵՄ ռազմական օգնության առաքելությանը։ Եվս 1 միլիարդ եվրո կուղղվի սպառազինության նոր համատեղ գնումների ֆինանսավորմանը։
4,7 միլիարդ եվրո կուղղվի անդամ երկրների ծախսերի փոխհատուցմանը, սակայն որոշ երկրներ հայտարարել են, որ իրենց հասանելիք մասը կուղղեն Ուկրաինային օգնելուն։ «Մոսկվան փորձում է վախեցնել Եվրոպային հիբրիդային հարձակումներով՝ նպատակ ունենալով նվազեցնել եվրոպական աջակցությունն Ուկրաինային։ Եվրոպան հակառակն է անում», – շեշտել է Կալլասը։