Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի հերթական նիստը։
Քննարկվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման կարգին և պայմաններին, ինչպես նաև հիվանդության հիմքով պատժից ազատմանը, ազատված անձանց նկատմամբ վերահսկողությանը վերաբերող օրենսդրական նախագծերը։ Անդրադարձ է կատարվել նաև գործնականում Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Պրոբացիայի ծառայության արձանագրած խնդիրներին։
Նիստն անցկացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությամբ։