Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 80%-ը Տիգրանաշենը հայկական է համարել կամ դրա փոխանցումն Ադրբեջանին Հայաստանի համար անվտանգային և ռազմավարական ռիսկերի հետ է կապել։ Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնել է «Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները, հայտնում է Sputnik Արմենիան:
«59%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին, 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6․4%-ն է նշել, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին»,- նշել է Նավասարդյանը։
Հարցման մասնակիցների 3․5%-ն այլ տեսակետ է հայտնել, իսկ ևս 10․1%-ը դժվարացել է պատասխանել առաջադրված հարցին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ, իսկ վերջին շրջանում բնակավայրի վերաբերյալ օգտագործել է նաև Քյարքի անվանումը։
Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ նրանք, ովքեր ասում են, թե թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, պատերազմ են հրահրում։
Տիգրանաշենի հատվածը ռազմավարական նշանակություն ունի ճանապարհային հաղորդակցության տեսանկյունից, քանի որ այդտեղով է անցնում Հայաստանի հյուսիսը և Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։