ՀՀ-ում հարցվածների 80%-ի կարծիքով՝ Տիգրանաշենը հայկական է և չի կարող փոխանցվել Ադրբեջանին

Հայաստանում հարցվածների 80%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

«59%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին, 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6,4%-ն է նշել, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին»,- նշեց Նավասարդյանը։

Հարցվածների 3,5%-ն այլ կարծիք է ունեցել, իսկ 10,1%-ը դժվարացել է հարցին պատասխանել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է՝ Տիգրանաշենը հայկական տարածք չէ ու վերջին շրջանում այդ բնակավայրի ոչ հայկական անվանումն է օգտագործում (Քյարքի)։

Սեպտեմբերի 11–ին էլ նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։

Ի դեպ, Տիգրանաշենը համարվում է ռազմավարական ճանապարհ, քանի որ այդ հատվածով է անցնում Հայաստանի հյուսիսը, Երևանը Սյունիքին ու Վայոց Ձորին կապող ճանապարհը։

Sputnik Արմենիա

Leave a comment