Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկում է վերջին տարիների ամենախոշոր և առանցքային բարեփոխումներից մեկը՝ ավագ բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը:
Հայաստանում բուժաշխատողների լիցենզավորումը կասեցվել էր դեռևս 2001 թվականին: Տարիներ անց՝ 2015-2016 թվականներին, ներդրվեց Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման համակարգը, որն այժմ դառնում է ավելի խորքային ռեֆորմի մաս:
Լիցենզիան՝ որպես վերահսկողության արդյունավետ գործիք
Ոլորտի պատասխանատուների պարզաբանմամբ՝ լիցենզիան առաջին հերթին կառավարման և վերահսկողության գործիք է:
«Ոչ հավաստագիրը, ոչ դիպլոմը մերժել կամ կասեցնել չես կարող… Լիցենզիան կառավարման գործիք է, որով դու նաև թույլատրություն ես տալիս, դա թույլատրություն է ըստ էության: Եվ որը կարող ես տալ, կարող ես կասեցնել, կարող ես դադարեցնել, կարող ես հետ կանչել, վերցնել: Դու էլ թույլ չտաս, որ մարդը այդ գործունեությամբ զբաղվի»,- նշում է Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Գործընթացն ընդգրկելու է շուրջ 20,000 ավագ բուժաշխատողի և պացիենտների հետ անմիջական աշխատող դեղագետների:
Թեստավորման կարգը և արհեստական բանականության հսկողությունը
Անհատական լիցենզիա ստանալու համար բժիշկները պետք է անցնեն կենտրոնացված էլեկտրոնային թեստավորում: Թեստը կազմված է 30 հարցից, որոնք ներառում են մասնագիտական, բուժաշխատողի էթիկայի կանոններին և առաջին բուժօգնությանը վերաբերող հարցեր: Անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ է ապահովել 70%+ դրական արդյունք՝ առնվազն 21 ճիշտ պատասխան։
Քննական գործընթացն իրականացվելու է թվային ժամանակակից լուծումներով:
«Արհեստական բանականության հենքով ստեղծված գործիքը էլեկտրոնային է, թույլ է տալու բժշկին իր աշխատատեղից, օգտվելով Face ID-ով կամ ID-ով, միանալ այդ ծրագրին և հանձնել իր քննությունը: Պետք է ասել, որ այդ գործիքը նաև լուրջ միջոց է. ինքը հետևում է, թե համակարգչով քանի ծրագիր ես զուգահեռ բացում, քանի անգամ ես դեմքդ շեղել։ Կարճ ասած՝ ինքը հսկողություն է սահմանում, հաշվետվություն է տալիս քննական հանձնաժողովին»,- պարզաբանում է Ալեքսանդր Բազարչյանը:
Ժամանակացույցը և հնարավորությունները
-
2026 թ. նոյեմբերի 1-ից – Թեստային հարցաշարերը կհրապարակվեն ԱՆ, ԱԱԻ կայքէջերում և հատուկ ստեղծվող վեբկայքում:
-
2027 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը – Կանցկացվեն բուն քննությունները:
Յուրաքանչյուր բուժաշխատող ունենալու է քննությունը հանձնելու 3 հնարավորություն, ինչպես նաև նախապես փորձնական թեստ անցնելու տարբերակ:
Ինչպես նշում է ԱԱԻ տնօրեն Կարինե Աբրահամյանը, եթե անձը 3 հնարավորությունն էլ ձախողում է, չի ստանում անհատական լիցենզիա և զրկվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից. «Հետագայում արդեն նոր կենտրոնացված քննություն կազմակերպելու դեպքում հնարավորություն կտանք նորից մասնակցել»։
Լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը
Օրենսդրությունը հստակեցնում է նաև լիցենզիայի կասեցման կամ դադարեցման իրավական հիմքերը: Մասնավորապես, անձը կարող է զրկվել լիցենզիայից.
-
Չմարված դատվածության առկայության դեպքում,
-
Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդությունների առկայության դեպքում:
Բացի այդ, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները խախտելու համար նախատեսվում է լիցենզիայի կասեցում՝ 1 տարվա ընթացքում առաջին խախտման դեպքում՝ 1 ամսով, իսկ կրկնվելու պարագայում՝ 3 ամիս ժամկետով։