«Հայ Դատի գործունեությունը և Հայաստանի շահերը պարզապես չեն կարող միմյանց հակասել, Հայ Դատը պայքարում է հենց Հայաստանի և հայ ժողովրդի շահի համար»,- ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Հայ դատը չէ, որ վտանգում է պետությունը. «Պետականությանը վտանգում է Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները բավարարող դիվանագիտությունը: Պետականությանը վտանգում է սեփական ժողովրդի իրավունքներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ազգային արժանապատվությունից հրաժարվելը:
Պետությանը վտանգում է ներազգային պառակտվածությունը, Հայ առաքելական եկեղեցու վրա արշավը, մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազնդի բթացումը։
Հայ դատը չի՛ խանգարում խաղաղությանը. Հայ դատը խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին: Ոչ ոք հայ ժողովրդից ավելի շատ չի ձգտում իրական խաղաղության, բայց ծնկաչոք մուրացած խաղաղությունը բերում է նոր պատերազմ ու նոր կորուստներ: Հայ Դատը պայքարում է, որ անգամ թշնամին ստիպված լինի հաշվի նստել մեր շահերի հետ»։