Հայ զինծառայողներին Հնդկաստանում սովորեցրել են աշխատել ՀՀ–ի գնած հնդկական «Akash» ՀՕՊ համակարգի հետ։ Այս մասին հայտնում է «Indian Defence Times»–ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ դասընթացը վերաբերել է հնդկական արտադրության այդ զենիթահրթիռային համակարգի կառավարման, տեխնիկական սպասարկման և արդյունավետ տեղակայման հմտություններին:
Ակնկալվում է, որ հայ մասնագետները ստացած գիտելիքներն ու փորձը կկիրառեն դաշտային վարժանքների ժամանակ։
«Նախապատրաստությունը նպաստում է Հայաստանի հակաօդային պաշտպանության ընդհանուր ցանցին «Akash» համակարգի ինտեգրմանը։ Սա նաև ընդգծում է Հնդկաստանի և Հայաստանի միջև աճող պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև հնդկական ռազմական տեխնոլոգիաների միջազգային ներկայացվածության ընդլայնումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը Նյու Դելիից «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ATAGS և MARG հրետանային կայանքներ, «Swathi» ռադիոլոկացիոն կայաններ, ինչպես նաև «Akash» զենիթահրթիռային համալիրներ և այլ համակարգեր է գնել։
Վերջին տարիներին Հայաստանն ու Հնդկաստանը զգալիորեն ընդլայնել են ռազմատեխնիկական համագործակցությունը. պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Ապրիլի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել էր Հնդկաստան: