Վարչապետն՝ ընտրությունների մասին․ Արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում անդրադարձել է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և հայտարարել, որ «արտաքին ու ներքին ուժերը պետության զավթման պլան էին մշակել»:

Նա հավելել է, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իր քվեն տվել է «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին:

«Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում էին՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։

Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։

Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,- ասել է վարչապետը։

Ընտրությունների արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորություն է ստացել կազմավորելու խորհրդարանական մեծամասնություն։

Leave a comment