Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին

Իրանը ԱՄՆ-ին ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերաբացման ծրագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, գրում է Dpa գործակալությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում նա լրագրողներին հայտնել է, որ առաջարկել է յոթօրյա ծրագիր։

«Մենք միջնորդների միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել ենք ծրագիր, ըստ որի՝ եթե որոշակի պայմաններ կատարվեն, յոթերորդ օրվա ավարտին Հորմուզի նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն»,- ասել է Արաղչին։

Նա հրաժարվել է մանրամասնել պայմանները, սակայն նշել է, որ դրանք «ոչ ավելին են», քան այն պայմանավորվածությունները, որոնց երկու երկրները հասել էին հունիսին։

The New York Times-ը և CNN-ը հաղորդել են, որ առաջարկն ԱՄՆ-ին փոխանցվել է միջնորդի միջոցով։

Սպիտակ տան պաշտոնյան էլ CNN-ին հայտնել է, որ կողմերը միջնորդների միջոցով «դրական և կառուցողական քննարկումներ» են անցկացնում։

Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները բանակցություններ էին անցկացրել։ Սա ամիսների ընթացքում կողմերի միջև տեղի ունեցած նմանատիպ առաջին բանակցություններն էին։

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արաղչին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թեհրանի պայմանները, այդ թվում՝ Իրանի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային շրջափակման անհապաղ վերացումը, իրանական բոլոր սառեցված ակտիվների ազատումը և բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը։

Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, որը նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային փոխադրումների համար կենսական նշանակություն ունեցող ուղի է, շարունակում է մնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա հիմնական վեճերից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment