Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի:ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։

Լոռու մարզի Լերմոնտովոյում իրավիճակն առավել ուշագրավ է։ Այստեղ սեպտեմբերի 27-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նախատեսված, սակայն առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։

Այս համայնքում ևս ընտրական պայքարի դասական պատկերը բացակայում է․ ընտրողը համայնքապետի պաշտոնի համար թեկնածուների միջև ընտրություն չի կատարելու, քանի որ քվեաթերթիկում միայն մեկ անուն է։

Արմավիրի մարզի Ֆերիկում սեպտեմբերի 27-ին ընտրելու են ավագանու անդամների։ Ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, որոնցից ընտրվելու են 5-ը։ Համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանը։

Ֆերիկի գործող համայնքապետը Ռուստամ Հասանյանն է։

Այսպիսով, այստեղ նույնպես ընտրության հիմնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև չէ, այլ ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների միջև։

Կոտայքի մարզի Արզնիում պատկերը փոքր-ինչ այլ է։ Այստեղ ավագանու ինը մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։ Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ թեկնածուների թվում կան եզդիներ, ասորիներ և հայեր, և նրանք ինքնաառաջադրվել են՝ ոչ թե կուսակցությունների ցուցակներով։

Արզնիում գործող համայնքապետը Ֆելիքս Միրզոևն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նախորդ ընտրություններում Միրզոևը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, հաղթել էր ՔՊ-ի առաջադրած Ալեքսանդր Միրզոևին՝ 372 ձայնով՝ 292-ի դիմաց։

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Արզնիում սեպտեմբերի 27-ի ընտրությունները չեն տեղավորվում այն պատկերում, թե փոքր համայնքներում իշխանության թեկնածուները մրցակից չունեն։ Այստեղ առնվազն ավագանու մակարդակում մրցակցությունը բավականին տեսանելի է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment