Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան

Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են  Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։ Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի, հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, ինչպես նաև ռուսական Astra-ն պնդում են, որ հարձակման թիրախներից մեկը եղել է «Իսկրա» գործարանը։ Ձեռնարկությունը մտնում է «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի կազմում և, ի թիվս այլնի, արտադրում է կիսահաղորդչային սարքեր։

Պերմի երկրամասի ղեկավար Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ Ուկրաինան հարձակվել է տարածաշրջանի «արդյունաբերական օբյեկտի» վրա։ «Պերմ 36,6» պարբերականը գրում է, որ խոսքը «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ»  նավթավերամշակման գործարանի մասին է։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ քաղաքի վրա ծուխ է երևում։ Մեկ մարդ զոհվել է։

Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը։ Տուժածներ չկան, ձեռնարկությունը դադարեցրել է աշխատանքը, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։

Վորոնեժում չորս մարդ վիրավորվել է, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Վնասվել են բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածներն ու ավտոմեքենաները։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներից վնասվել են մի քանի ոչ բնակելի և արտադրական շենքեր, որտեղ հրդեհներ են բռնկվել։ Astra-ն ականատեսների լուսանկարների և տեսանյութերի հիման վրա պարզել է, որ հարձակման տակ է հայտնվել «Վորոնեժսինթեզկաուչուկ» ձեռնարկությունը՝ ջերմապլաստիկ էլաստոմերների և սինթետիկ կաուչուկների արտադրողը։ Ուկրաինական ալիքները նաև հայտնում են Վորոնեժում Ozon-ի պահեստի վրա հարձակման մասին։ Մարքեթփլեյսը չի հաստատել հարձակման տեղեկությունը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկում հրդեհ է բռնկվել շինանյութերի «Ստրոյցենտր» հիպերմարկետում, պնդում են Astra-ն և ուկրաինական ալիքները։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի շրջանների, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի վրա որսացել են 592 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment