ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը Հայելի ակումբում խոսեց Հայաստանում շարունակվող քաղաքական կալանավորումների եւ բանակում խաղաղ պայմաններում վերջը չերեւացող մահերի մասին։
«Ես էլ քիչ առաջ տեղեկացա, որ հերթական ձերբակալությունն է տեղի ունեցել Առինջ Մոլում։ Բռնաճնշումները Հայաստանում շարունակվում են։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի ընկերությունների բնականոն ընթացքն են կասեցնում, որից տուժում են հազարավոր աշխատող մարդիկ՝ զրկվելով իրենց աշխատատեղերից։
Ասում է՝ ես ձեզ սիրում եմ, հոգ եմ տանում եւ այլն, մեկ էլ հետեւից պարգեւատրումներ է անում այսքան աշխատողի քրտինքի հաշվին։ Աշխատատեղերը հերթով կրճատում է, մարդկանց տանում է կալանքի։ Մի քանի ամիս հետո այդ ընկերություններից երեւի բան չի մնա։ Առինջ Մոլում, տեղյակ ենք, որ բավականին շատ մարդիկ են իրենց հանապազօրյա հացը վաստակում։
Ինչ վերաբերում է քաղկալանավորներին, բռնապետական ռեժիմն իր տեղն արել, հաստատել է, ու գնալով բռնաճնշումներն ուժեղացվում են։ Մասնավորապես, ընդդիմադիր երեք ուժերի առաջնորդների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Դաշնակցական գործիչն իր զորակցությունը հայտնեց նրանց՝ նշելով, որ հարուցված կեղծ գործերում ոչ մի էական նյութ չկա, ինչի վառ ապացույցը Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունն է։ Նույնը՝ Սրբազան պայքարի 18 արդարների պարագայում։
«Անդրանիկ Թեւանյանին եւ Արեգնազ Մանուկյանին մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ, 18 արդարներին՝ ահաբեկչության՝ ոչ մի փաստարկ չբերելով։ Այսինքն, ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը անոնսավորում է՝ այս մարդուն տարեք կալանքի, հաջորդ մարդուն տարեք։ Այսինքն, բոլոր այլախոհներին տանում է կալանքի։ Ու այդ մարդկանց պահման պայմանները խայտառակ վիճակում են»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ քաղաքական գործիչը նկատեց. «Օր չկա, որ արթնանանք ու բանակում մահվան նոր դեպք չարձանագրենք։ Խայտառակ պատկեր է։ Սուրեն Պապիկյանը առավոտները «անակնկալ այց է կատարում» զորամասեր։ Այ տղա, այդ «անակնկալ այցերդ» որ կատարում ես, բանակում տեղի ունեցող խայտառակ պատկերի վիճակագրությունը ինչի՞ չի նվազում, բանակում ինչի՞ ի վերջո կարգ ու կանոն չի հաստատվում։
Բանակում նախկին բոլոր սպաներին, որոնց վրա պետությունը գումար է ծախսել, ուղարկել արտերկիր ուսում ստանալու, բարձր պատրաստվածության աստիճանի հասածների, մեծամասնությանը ազատել է։ Ու հիմա այդ մարդիկ ուրիշ գործով են զբաղվում։ Ես արժանապատիվ շատ սպաների՝ մարտական, ուղի, պատերազմների միջով անցած գնդապետների, փոխգնդապետների եմ տեսնում, որոնք ստիպված քաղաքում տաքսի են քշում։ Իսկ Սուրեն Պապիկյանը, որը պատմության ուսուցիչ է, ստանձնել է պատերազմող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկը։
Բանակում կառուցակարգերը փոխել են, ամբողջը խառնել։ Ու այս սպանություններից որեւէ մեկը մինչեւ այս պահը պատշաճ հետաքննության չի արժանացել»,- արձանագրեց Գառնիկ Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: