«Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար։ Այս շաբաթ մենք տեղեկացանք, որ Ադրբեջանը բարձրաստիճան հյուրերին օկուպացված Արցախում հայկական կրոնական ժառանգությունը ներկայացրել է՝ որպես կովկասյան աղվանական ժառանգություն։ Նման անհիմն և փաստական ապացույցներից զուրկ պնդումները պետք է միջազգային հանրության կողմից հստակ և բարձրաձայն վիճարկվեն, քանի որ դրանց հիմքում ընկած է հայերին՝ իրենց հայրենի հողից և պատմական ներկայությունից վերացնելու միտումը»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Արդարություն փախստականների համար․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ կանայք և երեխաները» թեմայով միջոցառման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջին՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին։
Նա վստահեցրեց՝ Արցախում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը շարունակվում է․ «Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ մարդիկ պահվում են գերության մեջ կամ շարունակում են անհետ կորած մնալ։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանն ապօրինաբար Բաքվում պահում է 23 հայ ռազմագերիներին՝ 2020-2022-ից սկսած»։
Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրենը փաստեց՝ արցախահայերն ունեն ինքնորոշման իրավունք, կապ չունի, թե դա ինչ անհարմարություններ է պատճառում Ադրբեջանին։ Այսօր արցախահայերին ասում են՝ պարզապես մոռացեք դրա մասին և առաջ շարժվեք․ ոչինչ անել հնարավոր չէ։ Նույնիսկ ՀՀ-ում որոշ շրջանակներ են սա ասում։ Սա ինձ համար նշանակում է ընդունել, որ Արցախը մոռացված է։ Արցախի ցեղասպանությունը արժանի է միջազգային լիարժեք արդարադատության արձագանքին։ 2023-ին ներկայացված մեր պահանջներից շատերը շարունակում են մնալ չկատարված։
Պետք է միջազգային հանրությունը հրապարակայնորեն ընդունի, որ ցեղասպանության սպառնալիքն Արցախի ու ՀՀ-ի հայերի դեմ շարունակում է գոյություն ունենալ և ստեղծի հետաքննական թիմ, որը կիրականացնի արցախյան պատերազմի փաստաթղթավորումը և կոչով հանդես գա ազատ արձակել հայ ռազմագերիներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: