«Հայաստանում նոր տուն ունենալը չի վերացնում այն իրավունքները, որոնք կապված են Արցախում կորցրած տան հետ։ Եվ հենց այստեղ են հատվում մարդասիրական օգնությունն ու արդարությունը։ Մարդասիրական օգնությունը կարող է ապահովել սնունդ, կացարան, դեղորայք, կրթություն և անվտանգություն, սակայն այն չի կարող վերադարձնել գույքը, պաշտպանել մշակութային ժառանգությունը և երաշխավորել տեղահանված անձանց իրավունքները»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Արդարություն փախստականների համար․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ կանայք և երեխաները» թեմայով միջոցառման ժամանակ հայտարարեց Հայ օգնության միության ներկայացուցիչ Գասիա Նիկողոսյան-Վեկիլյանը։
Արցախի իրավունքների կոմիտեի անդամ Արմինե Ալեքսանյանն էլ փաստեց․ «Երեք տարի է անցել, ինչ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնի տեղահանվեց։
Հիմա նրանք բոլորը ֆիզիկական անվտանգության մեջ են, բայց նրանց իրավունքները դրանով չեն սահմանափակվում։ Մարդու իրավունքները սկսվում են ֆիզիկական անվտանգությունից, բայց դրանով չեն ավարտվում։ Արցախցիների շատ իրավունքներ չեն իրացվում։ Պետք է ապահովվի արժանապատիվ վերադարձի իրավունքը, ինչը չի կատարվում։ Մենք վերադարձի իրավունքի մասին չենք խոսում՝ որպես սկզբունք, այլ դա արդարադատության միջազգային դատարանի՝ 2023-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ է ամրագրված։ Այդ որոշումը հստակորեն նշում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք բռնի կերպով իրենց տներից տեղահանվել են, պետք է ունենան անխոչընդոտ վերադարձի իրավունք»։
Արմինե Ալեքսանյանը ցավով փաստեց՝ արցախցիների վերադարձի՝ հավաքական իրավունքն ապահովված չէ և ասաց․ «ՄԱԿ-ում, որը մարդու իրավունքների պաշտպանության հիմնական օջախն է, պետք է միայն մտահոգություններ հայտնելուց ավելի գործնական քայլերի անցնեն։ Մենք պետք է առաջ մղենք գործնական քայլերը, օրինակ՝ միջազգային մոնիտորինգի ստեղծում, որը կդիտարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների պահման պայմանները, կդիտարկի նրանց բժշկական օգնության ապահովումը, ընտանիքի անդամների՝ նրանց այցելության հնարավորությունը։
ՄԱԿ-ը կարող է լինել այն կազմակերպությունը, որը կառաջնորդի Բաքվում պահվող հայ ռազմագերիների ընտանիքի անդամների՝ նրանց այցելությունը։ Մյուս կարևոր քայլն այն է, որ ապահովի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։ Մարդու իրավունքները չպետք է լինեն թղթի վրա գրված սկզբունքներ։ Եթե մենք ուզում ենք Հարավային Կովկասում ունենալ կայուն խաղաղություն, մենք պետք է վստահ լինենք, որ այդ խաղաղությունը կառուցվել է մարդու իրավունքների ապահովման հիմքի վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: