ՄԱԿ-ում Փեզեշքիանի ելույթում ընդգծվել են Իրանի մշակութային և քաղաքակրթական ինքնությունը, գիտական ներուժն ու ազգային արժեքները. Մարիամ Զազյան

2026 թվականի սեպտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքականության, անվտանգության, գիտության և զարգացման վերաբերյալ մի շարք հարցերի։

Ելույթի ընթացքում ԻԻՀ նախագահը հատուկ ընդգծումներ է կատարել երկրի մարդկային, գիտական և մշակութային ներուժի վերաբերյալ՝ շեշտելով, որ «մեր երիտասարդությունը, գիտնականներն ու կանայք Իրանի իրական ուժն են»։

Փեզեշքիանը նշել է նաև, որ «Իրանը շարունակում է զարգանալ գիտության, բժշկության և մշակույթի ոլորտներում»։ Այս համատեքստում մշակույթը ներկայացվել է որպես Իրանի ազգային ներուժի և երկրի զարգացման կարևոր ուղղություններից մեկը։

ԻԻՀ նախագահի ելույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել երկրի պատմական և քաղաքակրթական ինքնության ընդգծումը։ Փեզեշքիանը հայտարարել է. «Մենք հպարտ ենք մեր հազարամյա քաղաքակրթությամբ»։

Մշակութային և քաղաքակրթական ինքնության այս շեշտադրումը զուգորդվել է Իրանի գիտական ներուժի ներկայացմամբ։ Խոսելով միջուկային տեխնոլոգիայի մասին՝ Փեզեշքիանը նշել է, որ «միջուկային տեխնոլոգիան մեր զարգացման իրավունքն է», ընդգծելով դրա կիրառությունը բժշկության, պարենային անվտանգության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում։

Նա նաև հայտարարել է. «Միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել»՝ միաժամանակ շեշտելով խաղաղ նպատակներով գիտության զարգացման իրավունքը. «Ո՛չ միջուկային զենքին, բայց այո խաղաղ գիտությանը»։

Ելույթի մեկ այլ կարևոր թեմա Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության հարցն էր։ Փեզեշքիանը հայտարարել է. «Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը», միաժամանակ ընդգծելով, որ «մեր ուժը երբեք չպետք է ծառայի գերիշխանությանը»։

Այս համատեքստում ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդի սպանությանը՝ նշելով. «Ես գալիս եմ այն Իրանից, որտեղ նրանք սպանեցին մեր առաջնորդին՝ առանց որևէ օրինական հիմքի կամ ապացույցի»։

Փեզեշքիանի ելույթում տեղ է հատկացվել նաև տարածաշրջանային հարաբերություններին։ Նա ընդգծել է. «Հարևաններին չենք դիտում որպես մրցակիցներ», և հավելել. «Մենք ուզում ենք, որ մեր հարևանները լինեն ուժեղ»։

Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը նա ձևակերպել է հետևյալ կերպ. «Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները»՝ միաժամանակ հայտարարելով. «Մենք հավատում ենք երկխոսությանը, ոչ թե սպառնալիքներին»։

Միջազգային հարաբերությունների վերաբերյալ խոսելիս Փեզեշքիանը շեշտել է փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը՝ նշելով. «Պատրաստ ենք համագործակցել փոխադարձ հարգանքի հիման վրա»։

Ելույթի եզրափակիչ հատվածում կրկին ընդգծվել են Իրանի քաղաքակրթական ինքնությունն ու միջազգային քաղաքականության վերաբերյալ երկրի մոտեցումները։ Փեզեշքիանը հայտարարել է. «Աշխարհին պետք է փոխըմբռնում և արդարություն, ոչ թե գերիշխանություն»։

Այսպիսով, Իրանի նախագահի ՄԱԿ-ի ելույթում քաղաքական և անվտանգության օրակարգին զուգահեռ ընդգծվել են երկրի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը, գիտական ներուժը, մարդկային կապիտալը և ազգային ինքնության բաղադրիչները։ Ելույթի տարբեր հատվածներում մշակույթը, գիտությունը, պատմական ժառանգությունը և մարդկային ներուժը ներկայացվել են որպես Իրանի ժամանակակից ինքնության և միջազգային ներկայության կարևոր բաղադրիչներ։

Մարիամ Զազյան
իրանագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment