Էդվարդ Միլիտոնյան. «Ստեղծագործական միությունների սեփականության դեմ որեւէ մեկը չի կարող վեր կենալ եւ օրենքի սուրը ճոճել»

Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան անշարժ գույքի վերաբերյալ դատական նիստում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ամփոփիչ ճառում ասաց. «Ես այս տարիների ընթացքում հասկացա, որ մեր դատաիրավական դաշտում հսկայական բացեր կան եւ շատ մասնագետներ ուղղակի ուշադիր չեն հետեւում այդ գործերին։ Դա իմ անձնական կարծիքն է։

Ես գրող եմ, այդ ամենի մասին գրել եմ եւ էլի գրելու եմ։ Բացահայտ է, ամբողջ երկիրը գիտի, որ ստեղծագործական միությունները առանձնահատուկ միություններ են եղել։ 1990-ականներին ես հատուկ հանդիպել եմ այն ժամանակվա Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եվ նա ասում էր. «Այ սիրելիս։ Ո՞վ չգիտի, որ դրանք պետական չեն»։

Գրողների միության աշխատանքներում, այդ թվում՝ աշխատավարձերում, նորոգում եւ այլն, պետական միջոցներ չեն ներգրավվել, եթե, իհարկե, պետությունը հարկ չի համարել որոշակի աջակցություն ցույց տալ որպես օժանդակություն։ Օ-ժան-դա-կու-թյուն։

Ինչ վերաբերում է Գրական ֆոնդին, ապա խնդրում եմ ծանոթ լինել 1934 թվականին։ Երբ հիմնադրվել է ՍՍՀՄ գրողների միությունը, նրան զուգահեռ հիմնվել է ՍՍՀՄ գրական ֆոնդը, որը նշված է ոչ պետական կառույց։ Այն ընդգրկում էր ոչ միայն ապրող գրողների հոնորարներից տոկոսներ, այլեւ դասականների։ Հայաստանի բաժանմունքը եւս։

Այդտեղ ապրել են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը եւ հետագա սերունդներ, որոնք Սովետական Միության ժամանակ շատ լավ հոնորարներ էին ստանում։ Հոնորարներից տոկոսի մասին արդեն ասվեց, պահվում էր եւ գնում էր Գրական ֆոնդ։ Եթե այդ ֆոնդի գումարները հավաքեինք, տասնյակ այդպիսի շենքեր կսարքեինք։ Ամբողջ Սովետական Միության մեջ, երեւի լսած կլինեք, եւ Պիցունդայում, եւ Մերձբալթիկայում, եւ Ղրիմում ու տարբեր տեղերում գործում էին ՍՍՀՄ ստեղծագործական՝ գրական միության հանգստյան տներ, որոնք կառուցում էր Գրական ֆոնդը։

Ամեն նորոգում, ամեն աշխատանք, ինչ-որ արվում էր միություններում, դա անում էր Գրական ֆոնդը։ Եվ դա բացառելը, դա ուղղակի մարդկանց սեփականության կատմամբ արհամարհական վերաբերմունք եմ ես համարում։

Ժամանակին, մինչեւ 90-ականները ես մոտ 10 գիրք եմ հրատարակել։ Եթե այդ 10 գրքերի հոնորարները հավաքեի, մի առանձին բնակարան կառնեի միայն այդ հոնորարների տոկոսներով։

Իմ եւ ավագ սերնդի գրողների, որ հիմա ապրում են, գումարներ են ներդրված այդ շենքերի կառուցման, նորոգման աշխատանքներում։ Դա մեր սեփականությունն է։ Ո՞վ իրավունք ունի մեզ արհամարհել, մեր ներդրումները առ ոչինչ համարել։

Պետական բառն այսօր քաղաքացիների գլխին ձաղկող մի միջոց չի դարձել։ Պետությունը ստեղծվել է քաղաքացիներին լավ պահելու, բարեկեցության համար։ Նախարարության անվանման մեջ էլ ավելացվեց բարեկեցություն բառը։ Բայց ո՞վ է ասել, որ մեր սեփականությունը, մեր գումարները առ ոչինչ համարվեն։

Այս դատարանում նախ հաշվի առեք, որ դիպչում եք անձնական սեփականությանը, մարդկանց ներդրումներին եւ արհամարհում եք այդ մարդկանց իրավունքները։ Այս հարցերը դատարանում պիտի ավելի կոնկրետ քննարկվեն, որովհետեւ դա ոչ միայն իմ կամ իմ սերնդի, այլեւ անցած դասական գրողների խնդիրն է, որոնցից գումարները պահել ե առանց իրենց հարցնելու։ Այդ գումարները ծախսել, շենքեր ենք սարքել ու ասում են՝ չէ, ձերը չի։ Բա ո՞ւմն է։

Մեր Գրողների միությունը ներառում է նաեւ մեր սփյուռքի գրողներին։ Նրանք էլ իրավունքներ ունեն։ Բողոքի նամակներ են հղել եւ իրենց իրավունքները համարում են արհամարհված։ Ես առաջարկում եմ, որ խորապես ուսումնասիրվի այս խնդիրը եւ ապահովվեն մեր իրավունքները, լինի նյութական, բարոյական, թե գեղարվեստական։

Ի դեպ, մեր ամբողջ ազգը Նարեկացու եւ մեր մեծերի անունները ասելով՝ անգիր արած հպարտանում է։ Բայց գիտե՞ք, որ Նարեկացին 1000 տարի որեւէ լեզվով չէր թարգմանվել։ Եվ իր մահից 1000 տարի հետո Գրողերի միությունը ստեղծեց պայման, որ 80-ականներին Նաում Գրեբնեւը վեց ամսով գա եւ Նարեկացու պոեմը թարգմանի, որից հետո Նարեկացի թարգմանեցին նաեւ անգլերեն։ Եվ այդտեղ Վասիլի Գրոսմանն է գրել «Բարին ընդ ձեզ հայեր եւ ոչ հայեր» աննման գիրքը։ Նաեւ մյուս մեծ գրողները, որոնք եկել են աշխարհի տարբեր երկրներից։ Հիմա էլ շարունակվում է այդ տենդենցը՝ հրավիրվում են գրողներ, որոնք գրում են Հայաստանի մասին, թարգմանում դասական եւ ժամանակակից հայ գրողներին։

Ստեղծագործական միությունների դեմ որեւէ մեկը չի կարող վեր կենալ եւ օրենքի սուրը ճոճելով ասել՝ առ ոչինչ է, պետությունն է այդ ամենը։ Հասկացանք, պետության համար ենք ստեղծել որեւէ գրականություն։ Չարենցից, Իսահակյանից ավելի պետության մասին չմտածեք։ Արել են եւ չեն էլ մտածել, որ կգան ուժեր եւ այդ ամենը չեն գնահատի։ Բայց մենք այսօր տեսնում ենք այդ որակը մշակույթի նկատմամբ։

Համենայն դեպս, կարծում եմ, որ դատարանը այս ամենը հաշվի կառնի, որովհետեւ արդարադատությունը պետք է պաշտպանի իր արդարամտությունը»,-հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment