Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ Կառավարության «զեկույցը» որակվել է անօրինական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ Կառավարության հրապարակած փաստաթղթին։ Մայր Աթոռից նշում են, որ սույն «զեկույցն» իր բովանդակությամբ և ձևով հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Հայտարարության համաձայն՝ պետական միջոցների մսխմամբ, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված փաստաթուղթը քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության դրսևորում է։

Մայր Աթոռը տեղին է համարել վերստին արձանագրել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով Հայաստանի իշխանություններից պահանջվում է դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ պետություն-եկեղեցի հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։ Իշխանություններին կոչ է արվում վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ բռնաճնշումներին, գործել բացառապես Սահմանադրությամբ, օրենսդրությամբ ու միջազգային իրավունքով և հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, ինչպես նաև պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն։ Միևնույն ժամանակ ընդգծվում է առկա խնդիրներն ու հակառակությունները առանց նախապայմանների երկխոսության ոգով փարատելու անհրաժեշտությունը՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ հենց իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում եկեղեցական կյանքում արհեստական ճգնաժամ առաջ բերելու համար, և անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Մայր Աթոռը հիշեցնում է, որ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։ Եկեղեցու տկարացման և եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված քաղաքականությունը, ըստ հայտարարության, երբեք չի կարող ծառայել հայրենիքի և ժողովրդի բարիքին կամ միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների առկայության պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment