Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներ, որոնցով նախատեսվում է վերացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի ներմուծման մաքսատուրքերը: Այս մասին նշված է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում:
Այս քայլերը պետք է աջակցեն Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումներից հետո: Դրանք գործելու են երկու տարի ժամկետով:
Նոր ռեժիմի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերը կվերացվեն հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ գյուղատնտեսական որոշ ապրանքատեսակների համար:
ԵՄ խորհրդում նշել են, որ այս որոշումը կօգնի պահպանել ու ամրապնդել Հայաստանից ԵՄ արտահանման ծավալները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) նպատակներին համապատասխան ձևով։