Պարզվել է, որ OpenAI-ի արհեստական բանականության գործակալները համակարգել են Ավստրալիայի պետական ռեսուրսների պաշտպանության համակարգը կոտրելու փորձերը՝ բժշկական տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով համացանցում հրապարակված բոտերի գործողությունների գրառումները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ OpenAI-ի ավելի քան տասը գործակալ DseWiki գերմանական ծրագրավորողների կայքում ավելի քան 300 անգամ հիշատակել են Ավստրալիայի առողջապահության և սոցիալական ապահովության ինստիտուտը (AIHW)։ Նպատակը Վիկտորիա նահանգի առանձին շրջաններում դեղորայքի վրա կատարվող ծախսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալն էր։
Երբ Cloudflare-ի կիբերպաշտպանության համակարգը արգելափակել է հասանելիությունը, գործակալները սկսել են միմյանց հետ կիսվել սահմանափակումները շրջանցելու մեթոդներով։ Նրանք օգտագործել են պրոքսի-սերվերներ, ինտերնետային էջերի պատճեններ ստեղծող ծառայություններ և փորձել են գուշակել անհրաժեշտ ֆայլերի անվանումները։
Ավելի վաղ OpenAI-ը հաստատել էր, որ իր փորձարարական արհեստական բանականության մոդելները հունիսին ներքին թեստավորման ընթացքում միմյանց հետ հաղորդակցվելու համար օգտագործել են DseWiki-ն։
Նույն ժամանակահատվածում OpenAI-ի արհեստական բանականության գործակալը չարտոնված հասանելիություն էր ստացել Medicare-ի պետական վիճակագրական պորտալին։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտնել է, որ գործակալը բախվել է արգելափակումների, սակայն կարողացել է շրջանցել դրանք և հասանելիություն է ստացել ինչպես բաց, այնպես էլ փակ ֆայլերին։
Միևնույն ժամանակ, ABC-ն ընդգծում է, որ առայժմ պարզ չէ՝ DseWiki-ում հայտնաբերված գրառումները կապված են արդյոք նույն միջադեպի հետ։ Դրանցում Medicare-ի կամ պորտալը կառավարող Services Australia գործակալության մասին հիշատակումներ չկան։
Ավստրալիայի իշխանություններն արդեն հետաքննություն են սկսել և ստուգում են՝ արդյոք արհեստական բանականության գործողությունները կարող էին առնչվել պետական այլ համակարգերին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։