Մաշտոցի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Lexus»-ը, որով աներորդին վրաերթի էր ենթարկել փեսային

Այսօր` սեպտեմբերի 24-ին ՆԳՆ  ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տեղեկանում են՝ որտեղ է գտնվում սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողը։

Shamshyan.com-ը հայտնում է՝  ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում այսօր վրաերթ կատարողը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ Հ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։


Ըստ աղբյուրի, մինչ նրա կողմից ոստիկանություն ներկայանալը երեկ սեպտեմբերի 23-ին, Մաշտոցի ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ճշտել են՝ որտեղ է գտնվում «Lexus» մակնիշի ավտոմեքենան, ապա մեկնելով նշված վայր՝ այն հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Նազարբեկյան 26 շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունենում և կար տուժած, ում տեղափոխել էին հիվանդանոց։

Ժամանել էր ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ և տեղում պարզել էին, որ մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Ըստ աղբյուրի, վրաերթ կատարողն իր զոհին հարվածել էր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, ապա դիմել փախուստի։ Նրանք ազգականներ են։

Leave a comment