Տիգրանաշենի հանձնումը լուրջ հարված է հասցնելու Հայաստանի անվտանգությանը, ներքաղաքական գործընթացներին նվիրված քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել իրավաբան Ռուբինա Պետրոսյանը։
«Քաղաքական մեծամասնությունը չունի սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը։ Իշխանություններն էլ դա հրաշալի հասկանում են, բայց, լինելով հմուտ մանիպուլյատորներ, փորձում են ժամանակ շահել մանևրելու համար»,- հիշեցրել է Պետրոսյանը։
Իրավաբանը թվարկել է, որ Տիգրանաշենի հարցով Փաշինյանը սկզբում հայտարարում էր, թե այն պետք է հանձնել՝ տարածքն անվանելով ադրբեջանական անունով, հետո պնդեց, թե հարցը կարելի է լուծել միջպետական պայմանագրով և սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, իսկ ավելի ուշ խոստացավ այն փոխանակել Արծվաշենի հետ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խնդիրը սոսկ թվային հավասարակշռությունը չէ․ բոլոր փորձագետներն ու երկրի նախկին ղեկավարները միաբերան պնդում են, որ Տիգրանաշենը բացառիկ ռազմավարական նշանակություն ունի անվտանգային տեսանկյունից։ «Բայց Փաշինյանն այստեղ էլ է փորձում մանևրել․ ասում է՝ օրենքն ընդունենք, եթե դրանից հետո պարզվի, որ հանրաքվեի կարիք կա, կանցկացնենք։ Կանխատեսումներ անելն ապարդյուն գործ է, բայց կարծում եմ՝ ի վերջո կասեն, թե դրա անհրաժեշտությունը չկա։ Իրավական առումով նրանք հայտնվել են փակուղում․ սահմանադրություն փոխելու մանդատ չունեն»,- նշել է իրավաբանը։ Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը հանգեցնելու է անվտանգային էական կորուստների․ 38 քառակուսի կիլոմետրը հավասար չէ 38 քառակուսի կիլոմետրի, եթե դա տանում է անվտանգության և ռազմավարական առավելությունների կորստի։
Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններին՝ նա հիշեցրել է, որ Եկեղեցին անջատված է պետությունից։ Հիմա նրանք ցանկանում են ոչնչացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք չեն կիսում իրենց պարտվողական քաղաքականությունը։ Կիրառվում է ընտրովի արդարադատություն, չկա օրենքների միատեսակ կիրառում։
Մեկնաբանելով դատավորների նկատմամբ հարձակումները՝ Պետրոսյանն ընդգծել է, որ ակնհայտ է նրանց կամակատարներ դարձնելու փորձը, ինչն անհեթեթություն է իրավական պետության համար։ Նրա խոսքով՝ իշխանությունները ցանկանում են ազատվել իրենց կամքը չկատարող դատավորներից․ «Կան դատավորներ, որոնք հավատարիմ են իրենց մասնագիտական երդմանը։ Խնդիր է դրված ազատվել նրանցից և «մահակը ձեռքներում պահել»։ Սա սահմանադրական փոփոխությունների նպատակներից մեկն է, ինչը վերջնականապես կզրկի դատական իշխանությանն անկախությունից»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ նկատել է, թե անհասկանալի է, թե ումից է բողոքում Փաշինյանը․ «Հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է նրա օրոք, դատավորները նշանակվել են նրա օրոք»,- հիշեցրել է նա։ Վարդանյանը նաև ընդգծել է, որ 8 տարի իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժն ընդհանրապես չի կարող որևէ մեկից դժգոհել կամ մեղադրել նախկիններին․ «Իշխանությունները պատասխանատու են իրենց օրոք տեղի ունեցած ամեն ինչի համար։ Սա քարոզչական հնարք է․ ինչ լավ բան կա՝ իրենցով են անում, ինչ վատ բան՝ գցում ուրիշների վրա»։