Ստացվում է՝ պայքար է ընթանում ԻԻՀ-ԱՄՆ բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Որքան գիտեմ, մինչև Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները, ամերիկյան պատմության մեջ միայն մեկ մարդ է համատեղել։ Դա Հենրի Քիսինջերն էր։

Եթե մեկնաբանելու լինենք վերջին շրջանում Ռուբիոյի՝ Իրանի նկատմամբ բավական կոշտ դիրքորոշումը, ապա առաջիկա ժամանակահատվածի համար հասկանալի է դառնում ամերիկյան քաղաքականության ուղղությունը։

Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին։

ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչները, ս.թ. հուլիսին հաստատված հրադադարի ձախողումից հետո, առաջին անգամ փորձ են արել բանակցել։ Ըստ աղբյուրի, Իրանի արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները, Քաթարի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել։

Թեհրանը ներկայացրել է իր պայմանները: Վաշինգտոնն արձագանքել է առաջարկներին, ինչն այժմ ուսումնասիրվում է Իրանում։ Առայժմ առաջընթաց չկա, սակայն փաստ այն է, որ բանակցային խողովակը գործարկվել է։

Բանակցային գործընթացին միջամտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Tasnim գործակալությունը նշել է, որ Արաղչին կապ է հաստատել Ուիթքոֆի հետ՝ առանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվության և պահանջվում է պարզաբանել, թե ո՞վ է նման լիազորություն տվել։

Եթե վստահենք այս պատմությանը, ապա ստացվում է, որ պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար։ Հետևաբար, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն, չի ցանկանում քաղաքական գործիչներին ու դիվանագիտությանն իրավունք տալ ինքնուրույն որոշելու խաղաղության գինն ու Հորմուզի ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment