Հայկական մշակույթը Բուլղարիայում ունի դարավոր, հարուստ պատմություն, որը սկիզբ է առնում 5-7-րդ դարերից: Այսօր այդ երկրում ապրում է շուրջ 25 հազար հայ, համայնքը ակտիվորեն պահպանում է իր հոգևոր-մշակութային ժառանգությունը: Իսկ հայ-բուլղարական համագործակցությունը հենվում է դարավոր պատմական կապերի և, միանշանակ, Բուլղարիայում գործող հայկական մեծ համայնքի վրա:
Օրերս, առաջին անգամ, Երևանի 93-ամյա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի 118-ամյա օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը Երևանում ստորագրեցին հուշագիր: Համագործակցության այս համաձայնագիրը, ինչպես հավաստիացրին պարտավորություն ստանձնած թատրոնների ղեկավարները, հնարավորություն կընձեռի ակտիվացնել երկու թատրոնների միջև ստեղծագործական և մասնագիտական կապերը՝ նպաստելով նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային երկխոսության, միջազգային համագործակցության զարգացմանը:
Արարողությանը ներկա էր Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:
Համաձայնագրի ստորագրումից հետո կայացավ գալա համերգ՝ «Երևան-Սոֆիա» խորագրով, մասնակցությամբ բուլղար և հայ օպերային երգիչների, որոնց կատարումներին ընկերակցում էր մեր թատրոնի նվագախումբն ու երգչախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ դեսպան Նիկոլովը, կարևորելով բուլղարահայ համայնքի մասնակցությունն իր երկրի մշակութային կյանքում, հնչեցրեց կոմպոզիտորներ Վիլի Կազասյանի, Հայկաշոտ Աղասյանի, գրողներ Սևադա Սևանի, Ագոպ Մելքոնյանի, թատերական ռեժիսոր Կրիկոր Ազարյանի, օպերային հայտնի երգիչներ Նադյա և Պողոս Աֆեյանների անունները: Մենք էլ, շարունակելով այդ թվարկումը, բարձրաձայնեցինք փոփ երգիչ Րաֆֆի Պողոսյանի, ջազ երգչուհի Հիլդա Կազացյանի անունները:
Դեսպանը հիշեցրեց, որ Բուլղարիայում գործում է 12 հայկական եկեղեցի՝ Սոֆիայում, Պլովդիվում, Բուրգասում, Վառնայում, գործում են հայկական դպրոցներ՝ ամենօրյա և կիրակնօրյա, հայ համայնքն ունի իր պարբերական մամուլը՝ «Երևան», «Արմենցի», «Վահան»:
Նշեցինք, գիտենք, որ երկու թատրոնների միջև հուշագրի գաղափարը ձերն է, սակայն սակավ են բուլղարացի երաժիշտների և մշակույթի այլ ոլորտները ներկայացնող արվեստագետների հյուրախաղերը մեզ մոտ. այս պահին կարող ենք ընդամենը մեկ օրինակ բերել՝ Օռլին Անաստասովի ռեժիսուրայով մեր թատրոնում Պուչինիի «Բոհեմ» օպերայի հրաշալի բեմադրությունը։ Այս դիտարկմանը դեսպան Նիկոլա Նիկոլովի պատասխանը հակիրճ էր. «Մշակույթի ոլորտը մեր առաջնահերթություններից է, մշակութային համագործակցությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Առաջին անգամ հուշագիր ստորագրվեց օպերային թատրոնի հետ, այո, և դա պետք է լիներ օպերային թատրոնը, կարծում եմ՝ մանրամասնելու կարիք չկա: Գուցե նման ձևաչափն ունենա շարունակություն»:
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: