Անվանի դաշնակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը քանիցս իր համերգները ներդաշնակել է ցուցահանդեսների հետ, օրինակ՝ Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնին նա մենահամերգ էր ունեցել՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ բացվել է արվեստագետներ Գագո Չթչյանի, Հերմինե Դեմիրոյի և Արման Թադևոսյանի՝ «Էդեն» խորագրով ցուցահանդեսը, կայացավ նրա բացառիկ մենահամերգը: Ցուցահանդեսի համադրողն է Էմանուել Կոստեն։
«Համերգը նվիրում եմ իմ հրաշալի բարեկամներին, որոնց հետ կապում է երկար տարիների մեծ բարեկամություն, և որոնք արժանի են ամենայն գովեստների, և ես հպարտ եմ նրանց հաջողություններով, ինքնուրույն հաջողություններով, մասնավորապես երևանյան ցուցահանդեսի ընթացքում: Երեք մեծ անհատականություն, երեքն էլ մոլեռանդ կերպով ծառայում են արվեստին, նկարչությանը և կերպով հավատում են արվեստի ու գեղեցիկի ուժին: Այս երեք անհատականությունների պարագայում, որոնց հետ շփվելու եմ երկար տարիներ, մշտապես ականատես եմ եղել ստեղծագործական բազմաթիվ պրպտումների, նաև ըմբոշխնել եմ մեր շփումների վայելքը, հրճվանքը և լիցքեր եմ ստացել»,- համերգի սկզբում նշեց Սվետլանա Նավասարդյանը:
«Այսպիսով, երեք տարբեր նկարիչ՝ տարբեր ձեռագրերով, աշխարհայացքով, տարբեր ձեռագրերով, բայց մի շատ կարևոր բան է միավորում՝ իրենց վերաբերմունքը կյանքին: Կյանքը նրանք ընկալում են լավատեսական, մարդասիրական և բանաստեղծական տեսակետից: Այս նկարիչները սիրահարված են կյանքին և իրենց ստեղծագործությունը սնող կյանքին: Եվ թերևս իրենց Էդենը տեղավորված է հենց մեր իրական կյանքում, այս և այդ իրական կյանքով են անցնում գունազարդ և գունագեղ մեր երազանքները։
Մարդկային երևակայության ստեղծած թերևս հրաշքներից մեկն է Էդենն ինքնին, ինքը՝ գաղափարը… Էդենը միշտ մեր կողքին է եւ մեր մեջ… Երբ դիտում ես Արման Թադևոսյանի բիբլիական թռչունների ազատատենչ պտույտը, Գագոյի՝ գորգագործ ծաղիկներով հմայվում, նաև հիանում ես Հերմինեի այդչափ կրքոտ գույներով ու հասկանում ես, որ Էդեն հասկացությունն ինքը բանաստեղծությունն է, պոեզիան է: Դա այն չարտահայտված միտքն է, որի ամոթխած անդրադարձն ենք տեսնում այն երազների, որոնք այդպես էլ չհամարձակվեցին իրականացնել… Ուրեմն Էդենը յուրաքանչյուրիս կյանքում է երևում այն պահին, երբ փորձում ենք նկարել մեր երազանքը…»,- ասաց դաշնակահարուհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: