Գնալով ակնհայտ է դառնում այն դիսոնանսը, որն առկա է Հայաստանի գործող իշխանությունների «խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի իրական, ռևանշիստական քայլերի միջև։ Հայաստանի կողմից արդեն իսկ արված զիջումները, ինչպիսիք են միակողմանի սահմանազատման գործընթացը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ընդառաջ գնալը որևէ համարժեք քայլով չեն փոխհատուցվել Բաքվի կողմից։
Ադրբեջանցիները դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն զիջել, այլև չկան նվազագույն նշաններ, որ պատրաստվում են գոնե հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Փոխարենը՝ Բաքուն ներկայացնում է նորանոր, շարունակական պահանջներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքից մինչև «արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզերի ու մշակութային յուրացման քաղաքականության շրջանառումը։
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է Հայաստանի ներքաղաքական իրականությունը։ Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հենարանը խարխլված է, իսկ ընտրական արդյունքները ձևավորվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, թոշակների չնախատեսված բարձրացման և պետական ապարատի ներգրավման հաշվին։ Բաքուն հասկանում է, որ Փաշինյանն ամբողջովին չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ կամքը այնպիսի ճակատագրական փաստաթղթերի ստորագրման համար, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրն ու տարածքային զիջումները։ «Սրբազան շարժումը» ցույց տվեց, որ հանրային դժգոհության կուտակված լիցքը չափազանց մեծ է, և նույնիսկ փոքր կայծը բավական է, որպեսզի համազգային հսկայական ալիք բարձրանա։
Այս կոնտեքստում Ադրբեջանի պարբերական սադրանքները, հավակնոտ հայտարարություններն ու «աղվանական ժառանգության» թեման յուրօրինակ քննություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Նա, օրինակ՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնելով Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը («Քյարքի») և խոսելով նրա հնարավոր՝ Ադրբեջանին հանձնելու մասին, փորձում է հասկանալ հայ հանրության ռեակցիաները և ստուգել, թե արդյոք լիարժեքորեն կարող է կանխել դժգոհության ալիքը։ Իսկ ադրբեջանցիները փորձարկում են, թե որքանով է իշխանությունը տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան մաքսիմալ զիջումներ պարտադրել։
Քանի դեռ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը կառուցում են միակողմանի զիջումների տրամաբանությամբ, Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի ներքին թուլությունն ու իշխանության լեգիտիմության պակասը։ «Աղվանական ժառանգության» կեղծ թեզերի շրջանառումը հերթական ապացույցն է, որ Բաքվի նպատակը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Հայաստանի պետականության հիմքերի հետևողական քանդումը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: