«Պետական այն չնչին աջակցությունը, որը տրամադրվում է բնակարանների վարձավճարների համար արցախցիներին, որևէ կերպ չի համապատասխանում նրանց կարիքներին։ 8 հազար ընտանիք ստացել է հավաստագիր, որից միայն 4 հազարն է կարողացել այն իրացնել։ Այս թիվը ինչ-որ բան հուշո՞ւմ է, թե՞ ոչ։ Հուշում է այն մասին, որ մարդիկ վերցնում են հավաստագիրը, սակայն չգիտեն՝ ինչպես իրացնեն այն, որովհետև սահմանված պահանջներին համապատասխան և հատկացվող գումարին համարժեք բնակարան չեն կարողանում գտնել»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և սոցիալական մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքերը, խնդիրները և լուծումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նկատեց, որ երկար ժամանակ բարձրաձայնում էին՝ կառավարությունը պետք է բարձրացնի բնակարան ձեռք բերելու հավաստագրով սահմանված գումարի չափը։ Գարնանը գումարը բարձրացվեց, սակայն դրան զուգահեռ բարձրացան նաև անշարժ գույքի գները։
«Այսինքն՝ որքան բարձրացվի հավաստագրի գումարը, այնքան բարձրանալու է նաև անշարժ գույքի գինը, և մենք կրկին հայտնվելու ենք նույն շղթայի մեջ»,- ասաց Ստեփանյանը։
Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված ծրագրին, որով հավաստագրից հրաժարվելու դիմաց 10 տարի շարունակ մեկ անձի համար նախատեսվում է ամսական 40 հազար դրամի փոխհատուցում՝ Ստեփանյանն ասաց. «Մինչև այսօր կա՞ որևէ ընտանիք, որը դիմել է այդ ծրագրին։ Հենց առաջին օրվանից խոսել ենք, որ այդ ծրագիրը չի աշխատելու և չի կարող այլընտրանք ծառայել»։
Ստեփանյանն անդրադարձավ նաև կրթության ոլորտում առկա խնդիրներին՝ հարց հնչեցնելով, թե ինչու ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագրի շրջանակում 2026-2027 ուսումնական տարվա ուսանողները ևս չպետք է լինեն շահառու։
«Արդյոք սոցիալական կայունությունն այն աստիճանի՞ է հասել, և այս ընտանիքներն այլևս այդ կարիքը չունե՞ն, որ իրենց ուսանողներն օգտվեն այդ ծրագրից»,- հարցրեց նա։
Ըստ Ստեփանյանի՝ հաջորդ խնդիրը բուհից բուհ տեղափոխվող ուսանողների դեպքում է, որոնք տեղափոխվելու պատճառով զրկվում են կրթաթոշակային աջակցությունից։
«Գորիսի պետական համալսարանից Շիրակի պետական համալսարան տեղափոխված ուսանողը զրկվել է կրթաթոշակից»,- նշեց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: